«Ամեն ինչ նորմալ է և որևէ արտահոսք չկա». Հովհաննես Սահակյանը՝ ՀՀԿ-ն լքած գյուղապետերի և մյուսների մասին

Երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասել էր, որ կուսակցությունը  լքելու դիմում են ներկայացրել 13 ներկայացուցիչներ,  որոնք զբաղեցրել են տարբեր պաշտոններ և եղել են Արարատի մարզից։

Այսօր արդեն մամուլում շրջանառվեց, որ ՀՀԿ անդամատոմսերը վայր են դրել Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը, Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանը և Բյուրավանի համայնքի ղեկավար Գեղամ Հովակիմյանը, իսկ գյուղապետերն էլ հաստատել են իրենց որոշումը։

168.am-ը ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրում արդեն նախկին ՀՀԿ-ականների այս որոշումը։

Ի պատասխան՝ Հ. Սահակյանն ասաց.

«Դա իրենց որոշելու խնդիրն է. եթե որոշել են, որ չանդամակցեն, մեզ հետ ճանապարհ չանցնեն, բազմիցս նշել ենք, այսօր էլ նշում ենք, որ մենք ժողովրդավարական կուսակցություն ենք, մեզ մոտ բռնապետական կամ բռնատիրական որևէ դրսևորում չկա, դա իրենց որոշելու խնդիրն է։ Ես իրենց հետ չեմ խոսել, որ ասեմ՝ ինչով եմ բացատրում. քաղաքականություն է, կյանք է, այդպես էլ է լինում»։

Մեր այն հարցին, թե արդյոք սա պայմանավորվա՞ծ է Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշմամբ՝ Հ. Սահակյանն այսպես պատասխանեց.

«Եթե Արարատի մարզից են՝ չեմ բացառում, բայց ես խնդրին ծանոթ չեմ, թե ինչի համար են դուրս եկել: Եթե հայտարարեն, որ Հովիկ Աբրահամյանը դուրս է եկել և դրա համար են դուրս եկել, դա կլինի փաստ, բայց եթե դադարեցնում են անդամակցումը և որևէ պարզաբանում չեն տալիս, ես էլ իրենց հետ չեմ խոսել, խնդրին տեղյակ չեմ, մեկնաբանություն չեմ տա»։

Հարցին էլ, թե արդյոք սա այն արտահո՞սքն է Հանրապետական կուսակցությունից, ինչի մասին խոսվում է վերջին շրջանում, Հ. Սահակյանն այսպես արձագանքեց.

«10 հոգի, 1 հոգի, 3 հոգի՝ դա արտահոսք չէ, մենք 100 հազարից ավելի անդամներ ունենք։ Կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ է, և որևէ արտահոսք չկա։ Եթե թվերի լեզվով ենք խոսում, ապա նաև կարող ենք վկայակոչել՝ այս վերջին ամիսների ընթացքում մոտավորապես 11 հազար նոր անդամներ են անդամակցել ՀՀԿ-ին։ Առավել ևս, որ հիմնական կորիզը, քաղաքականացված դեմքերը, գործիչները, համախմբված են մեր կուսակցության ղեկավարի, ղեկավարության, գործադիր մարմնի և մեր կուսակցության ղեկավարի՝ նախագահի շուրջ»։

Տեսանյութեր

Լրահոս