ՄԻՊ-ը համաձայնեց ԱՄՆ դեսպանի հետ՝ կիրառված ուժն անհամաչափ է եղել

Ի տարբերություն Human Rights Watch-ի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն օրենքով սահմանափակված է գնահատականներ տալ որևէ անձի կալանքի վերաբերյալ։ Նման տեսակետ այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ խոսելով Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կողմից Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ հրապարակված գնահատականներին։

Human Rights Watch-ը, հիշեցնենք, դատապարտել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրիաս Ղուկասյանի կալանքի՝ 2 ամսով երկարաձգելու որոշումը, և կոչ է արել ազատ արձակել նրան մինչև դատավարությունը: Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած ցույցերի ժամանակ, և մեղադրվում է «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:

«Ես ընդհանրապես կարող եմ ասել, որ կալանքը ցանկացած անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները չեն բավարարում ապահովելու անձի պատշաճ վարքագիծը: Սա ընդհանուր միջազգային կանոն է: Բայց կոնկրետ դեպքի հետ կապված՝ ես չեմ կարող գնահատական տալ, օրենքն է արգելում»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը համաձայնեց երեկ ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որ «Սասնա ծռերի» գործողությունների օրերին փողոցում կիրառված ուժն անհամաչափ է եղել:

Կարդացեք նաև

«Այո, և ոչ միայն այդ օրերին, էլի են եղել օրեր, երբ ուժը համաչափ չի եղել»,- ասաց Ա. Թաթոյանը։

Նա հույս հայտնեց, որ շատ խնդիրներ կլուծվեն Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, որն արդեն խորհրդարանում է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս