Կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների վերջին փուլերից մեկը
ՀՀ-ԵՄ բանակցություններն ինտենսիվ տեմպերով առաջ են ընթանում։ Առաջիկայում կողմերը կավարտեն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ աշխատանքները։ 168.am-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, այս ամիս կկայանա ՀՀ-ԵՄ բանակցությունների վերջին փուլերից մեկը՝ տասներորդ փուլը։
Ըստ մեր տեղեկությունների՝ բանակցությունները վերջնականապես ավարտին հասցնելու համար կպահանջվի առավելագույնը 2 բանակցային փուլ, որոնց ընթացքում կողմերից կպահանջվի պարզապես ամփոփել մեկ տարվա ընթացքում բանակցվածը։
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, բանակցային վերջին փուլերն ընթացել են առանց էական խնդիրների՝ նաև առևտրին և ներդրումներին վերաբերող ոլորտների շուրջ, քանի որ, ըստ էության, հայկական կողմն է ուրվագծել ողջ փաստաթուղթը՝ ելնելով իր այլ միջազգային պարտավորություններից Եվրասիական տնտեսական միության շրջանակում։ Մեր զրուցակիցը լիահույս է, որ առաջիկա աշխատանքները ևս կընթանան առանց խնդիրների՝ հաշվի առնելով այս հանգամանքը։
«Բանակցությունների հետ կապված հարցերը կողմերի համար մեծապես պարզ են, բայց մեծ անորոշություն կա համաձայնագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ։ Կարծում եմ, որ դա մոտ ապագայում տեղի չի ունենա, թեև հայկական կողմը կցանկանար համաձայնագրի ստորագրում բանակցությունների ավարտից անմիջապես հետո»,- նշեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ գրեթե չորս տարի, 2009-2013 թթ. Հայաստանն ու Եվրամիությունը բանակցեցին շրջանակային համաձայնագրի շուրջ, սակայն բանակցությունների ավարտից հետո՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց, որ Երևանը ստորագրելու է Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը, ինչը ենթադրում էր հրաժարում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիր կնքելուց։
Երկու տարվա ընդմիջումից հետո՝ 2015թ. հոկտեմբերի 12-ին, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին՝ սկսել բանակցություններ Հայաստանի հետ՝ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ՝ տրամադրելով համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին։