Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցը կղեկավարի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին առաջարկել է գլխավորել Արարատի մարզում կուսակցության տարածքային կառույցը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը նշեց, որ Ալիկ Սարգսյանը տվել է իր համաձայնությունը: «Առաջիկա օրերին կլինի տարածքային կառույցի խորհրդի նիստը, և Ալիկ Սարգսյանը կանցնի իր պարտավորությունների կատարմանը»,- ասաց Թադևոսյանը:

Անդրադառնալով Արարատի մարզի Մխչյան, Բանավան և Նշանավան համայնքների ղեկավարների ` ՀՀԿ-ն լքելու մասին լուրերին` Ռուբեն Թադևոսյանն ընդգծեց, որ ոչ կուսակցության Արարատի մարզի շրջանային կառույցները, ոչ կենտրոնական գրասենյակը նրանց կողմից կուսակցությունը լքելու դիմումներ չեն ստացել: «Երբ կլինեն դիմումները, մենք այդ հարցին կանդրադառնանք»,- եզրափակեց Թադևոսյանը:

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալուց հետո կուսակցությունը լքել է նաև Արարատի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի նախկին ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Պողոսյանը: Կարինե Պողոսյանի հետ կուսակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել 12 այլ անձինք ևս` հիմնականում Արարատի մարզից:

Տեսանյութեր

Լրահոս