«Հովիկ Աբրահամյանը միշտ այն ուժի կողմն է, որը կարող է իշխանություն լինել». Հրանուշ Խառատյան

Այսօր «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման հանրային կապերի հանձնաժողովի համակարգող Կարեն Թումանյանն ասուլիսի ժամանակ մեղադրեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ակտիվ ներգրավվածություն չունենալու համար։

«Ամենամեծ մեղավորները՝ այս կոռուպցիայի դեմ պայքարի, դուք եք։ Ես կարող եմ անձամբ ձեզ մեղադրել, որովհետև դուք ինտելիգենցիայի կարկառուն ներկայացուցիչ եք, մարդ եք, որ ունի փայլուն անցյալ, փայլուն ներկա. բոլոր արատավոր երևույթների դեմ պայքարում էր ինտելիգենցիան։ Բայց ձեր պայքարի ձևերը շատ մեթոդիկ են, հետևողականություն չկա։ Այսօր ժողովուրդը ձեզ նման մարդկանց ավելի լավ է լսում, քան քաղաքական ուժերին։ Դուք պետք է առաջնորդեք պայքարը»,- հայտարարեց Կ. Թումանյանը։

Ի պատասխան՝ Հ. Խառատյանն ասաց, որ մտավորականությունը երբեք քաղաքական դեր չի ստանձնել. «Մտավորականությունը մեծ մասամբ մաղի նման մի բան է, որով քիչ թե շատ հստակեցվում են երևույթները։ Մտավորականությունը ցույց է տալիս երևույթների ընթացքը, բայց իրենք ինքնին ուժ չեն»։

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է մասնակցել ընտրություններին՝ հայտարարելով, որ ինքը որևէ պաշտոնի չի ձգտում՝ Հ. Խառատյանն այսպես պատասխանեց. «Կարող է ինքն անձամբ պաշտոն չակնկալել, բայց հասկանալի է, որ իր թիմն է, որի համար պետք է ապահովեն այն մասնավոր նպատակները, որը նա ունի։ Գագիկ Ծառուկյանն այսօր էլ, ԱԺ պատգամավոր լինելով հանդերձ, բիզնեսմեն է, վաղն էլ կարող է լինել։ Հիմա, գոնե պատգամավորի պաշտոնին նա ակնկալում է։ Նա ձգտում է ազդեցության լծակներ ունենալ, ձգտում է առևտրի հնարավորության, առաջիկա քաղաքական գլխավոր ուժի հետ իր ունենալիք հեռանկարների շուրջ առևտուր անելու հնարավորության»։

Լրագրողի այն հարցին էլ, թե Հովիկ Աբրահամյանին պատկերացնո՞ւմ եք ընդդիմադիր դաշտում՝ ՀՀԿ-ի դեմ, Հ. Խառատյանն այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ «ՀՀԿ-ի դեմ»-ն ինչն է։ Հովիկ Աբրահամյանը միշտ այն ուժի կողմն է, որը կարող է իշխանություն լինել, եթե այս պահի իշխանությունն իրեն չի ընդունում, պետք է ջանա իր պատկերացրած վաղվա իշխանության դաշտը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս