«Էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, էն կիսասոված առնետներն էլ մինչև մարագն են գնում և այնտեղ կվերջանան»

«Պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում դաշինքների գաղափարն արդյունավետ չի գործում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման հանրային կապերի հանձնաժողովի համակարգող, «Աշխատավորների շահերի պաշտպանության» հ/կ նախագահ Կարեն Թումանյանը։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժը՝ «Հայկական Վերածնունդը», միշտ էլ կողմ է եղել տարբեր քաղաքական միավորումների ստեղծմանը. «Մենք ինքներս յուրահատուկ, ինքնատիպ մի միավորում ենք, կարելի է նույնիսկ դաշինք անվանել, քանի որ «Հայկական Վերածնունդը» մոտ 200 ուժերի ստեղծման արդյունք է»։

Կ. Թումանյանը համոզված է, որ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ իրենց մի տարվա ընթացքում հաջողվեց երկրում արձանագրել շատ դրական արդյունքներ. «Սա խոսում է այն մասին, որ դաշինքները պետք է ժամանակ ունենան իրար հետ աշխատելու համար։ Ստեղծվում են ընտրություններից 60-70 օր առաջ և ժամանակ չեն ունենում իրար հետ աշխատելու»։

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, ողջունում է բոլոր քաղաքական միավորումների ստեղծումը, որովհետև, ըստ նրա, ինչքան մրցունակ լինի դաշտը, այնքան ավելի հեշտ կլինի պայքարել գործող համակարգի դեմ. «Այսօր բոլորս գիտենք, որ համակարգը հիվանդ է, նրան նոր մոտեցումներ են պետք»։

Ասուլիսին ներկա քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանն էլ կարծիք հայտնեց, որ մեզ մոտ կոռուպցիա չկա, մեզ մոտ թալան է պարզապես. «Որ կուսակցությունը տեսնում ես, իշխանության շուրջ բուրգ են կառուցում։ Կուսակցությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե բուրգ կառուցի իրենց համար»։

Ֆ. Առաքելյանի խոսքով՝ մտավորականության մի հատված կա, որ լավ էլ քծնում, ծափահարում է. «Մտավորականության այդ հատվածը տառապում է մի հիվանդությամբ՝ «թագավորն ընկավ, կեցցե՛ թագավորը»։ Ասում են՝ տվեք մեզ իշխանությունը, ինչո՞ւ տանք։ 1998 թվականին տվեցինք, ավերեցին, հետո տվեցինք, նորից ավերեցին, ծրագիր կա՞, ոչ մեկն էլ ծրագիր չունի։ Առնետավազք է սկսվել, ստեղից՝ ընդեղ, ընդեղից՝ ստեղ։ Էն լավ, թմբլիկ առնետները գնում են լավ տեղ, էն կիսասոված առնետներն էլ մինչև մարագն են գնում և այնտեղ կվերջանան»։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ընդդիմադիր դառնալուն՝ Ֆ. Առաքելյանն ասաց. «Սեյրանն է, ուզում է որևէ տեղ մտնել,  հետո՞ ինչ, որ հելել է իշխանությունից, պետք է գնա գաղութում նստի՞։ Տունն ու գաղութը նույնն է»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

 

Տեսանյութեր

Լրահոս