«Ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված, դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք»

ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, ի պատասխան ԼՂՀ պաշտպանության նախարարության կողմից տարածված դիվերսիոն-հետախուզական գործողության մասին հաղորդագրության, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հանդես է եկել հերքումով, որում մասնավորապես ասվում է, թե իբր հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել զինված ուժերի շարքերից և ներկա ժամանակ տվյալ անձը հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

Որ ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ, հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ:

Սակայն անտրամաբանական ու նաև անհասկանալի է, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս դիվերսիոն խմբի կազմում ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում… Ահա և ձեզ ադրբեջանական մտածելակերպ»:

Տեսանյութեր

Լրահոս