«Եկող սերունդը հրաշալի սերունդ է, նրանք հասկանում են, որ մեծերը գող ու ավազակ են». Սամվել Շահինյան

«Գնալով ավելի շատ այս միջավայրն անբարոյականանում և ճահճանում է»,-168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային պետություն» կուսակցության նախագահ, ազատագրական ջոկատի հրամանատար, Հայաստանի վերջին Գերագույն խորհրդի (ԳԽ) պատգամավոր, Քարանձավագետների միության նախագահ Սամվել Շահինյանը:

Նա առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ ոչ մի հույս չի կապում. «Անհնար եմ համարում արդեն իսկ խաթարված սահմանադրական կարգի վերականգնումը կամ ստեղծումն այս պայմաններում։ Ես ընդդիմություն չեմ տեսնում, բոլորը պետականամետ են, իսկ պետականամետ կուսակցությունները, իշխանական կուսակցությունները հակապետական են»։

Խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի` իշխանությունից դուրս գալու և ընդդիմադիրների շարքերը համալրելու մասին` Ս. Շահինյանն ասաց, որ ինքը դա շատ անլուրջ է համարում. «Որովհետև ո՛չ իրենց դուրս գալով, ո՛չ մտնելով բան չի փոխվելու։ Եթե երկար տարիներ մարդը զինվորական է եղել, իր վերևում ունենալով գերագույն գլխավոր հրամանատար` կատարել է հրամաններ, այսօր այդ ի՞նչ բարեփոխումներ պետք է անի, եթե իրենք նույն սանրի կտավն են։ Այսօր ինչ ապացույց է բերում, որ ինքը ուրիշ է, այսօրվա իշխանությունները` ուրիշ։ Չեմ հասկանում»։

Հարցին էլ, թե ձևավորվող և արդեն ձևավորված դաշինքների մեջ չկա՞ն իրական ընդդիմադիրներ, որոնց հետ Դուք հույսեր եք կապում, Ս. Շահինյանն այսպես պատասխանեց. «Հայաստանում այսօր ընդհանրապես քաղաքական մշակույթը դեգրադացված է, այլևս որևէ հարց պարզապես ծիծաղելի է։ Մեր հանրապետությանը պետք են արմատական փոփոխություններ։ Ուրիշ ոչինչ պարզապես մեզ չի փրկի»։

Մեր ճշտող հարցին էլ` եթե չկան ուժեր, որոնց հետ կարելի է հույս կապել, ապա ովքե՞ր պետք է այդ արմատական բարեփոխումներն անեն, Ս. Շահինյանն այսպես պատասխանեց.

«Ես ամենևին այն կարծիքին չեմ, որ հասարակական պահանջի շրջանակներում են ձևավորվել այս իրողությունները։ Ես շատ եմ դժգոհ, բայց դա չի նշանակում, որ պնդում եմ, որ այս իրավիճակի մեղքը միայն իշխանություններինն է, ժողովուրդը խորհրդային մտածողության տեր է, հրամանին սպասող ժողովուրդ է, և ոչ ոք չի պատրաստվում իրեն սովորեցնել, որ ինքնուրույն ապրի, իսկ իշխանություններին դա ձեռք է տալիս, որովհետև այդ դեպքում լայնածավալ գործունեություն կարող են ծավալել, իսկ ժողովուրդը, դժգոհելով հանդերձ, նրանց կների, որովհետև ինքն էլ նույն մտածելակերպն ունի, քանի որ Սովետական Միությունում յուրաքանչյուր ղեկավար թալանում էր իրեն վստահված օբյեկտը»։

Մենք Ս. Շահինյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ելքեր է տեսնում այս իրավիճակից։ Ի պատասխան` նա ասաց, որ ելքը եկող սերունդն է. «Իսկ եկող սերունդը հրաշալի սերունդ է, նրանք հասկանում են, որ մեծերը գող ու ավազակ են։ Նոր սերնդի հետ կապված` ես մեծ հույսեր ունեմ, ես վստահ եմ այս սերնդի վրա, որովհետև ես տեսնում եմ, որ նրանք միանգամայն այլ կերպ են մտածում։ Հին սերնդի հետ կապված` ես ոչ մի հույս չունեմ, ու եթե ինչ-որ մեկն այնտեղ հիմար բաներ է ասում, որ ժողովուրդը մեղք չունի, պետք է նրանց բացատրել և այլն, գնա հարյուր անգամ բացատրի, եթե նա այդպես է դաստիարակվել Խորհրդային Միությունում, մինչև հիմա գիտի, որ խելոք տղեն թալանչին է, ի՞նչ բացատրես այդ մարդկանց»։

Տեսանյութեր

Լրահոս