«Պաշտպանության նախարարը պապենական պաշտո՞ն է, ի՞նչ է». Հայկազ Բաղմանյանը՝ Սեյրան Օհանյանի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում: «Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետեւում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որեւէ ընդդիմադիր բան չի ասել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Բաղմանյանը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին հիշեցրինք, որ պաշտպանության նախկին նախարարը, որն ընդամենը չորս ամիս առաջ է թողել իր բարձր պաշտոնը, հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը թուլացած է, արտագաղթն ահագնանում է, ժողովուրդը հուսալքության մեջ է, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը գնալով ուժեղանում է, եւ որ նման վիճակը չի կարող բանակին թիկունք ապահովել։

«Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչն ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարել էր Սեյրան Օհանյանը։

Իր նախկին հրամանատարի եւ զինակցի այս քննադատություններն ընդդիմադիր չեն թվում Հայկազ Բաղմանյանին:

«Համենայնդեպս, չեմ կարծում, որ նա ընդդիմություն է»,- պնդեց ԶՈՒ շտաբի պետի տեղակալը:

– Պարոն Բաղմանյան, այդ դեպքում Սեյրան Օհանյանը իշխանությունների՞ հետ է աշխատում:

– Իհարկե:

– Կարծիք կար, որ Սեյրան Օհանյանն ուզում էր վերանշանակվել պաշտպանության նախարար, այդ պատճառով էլ նեղացել է իշխանություններից:

– Պաշտպանության նախարարը պապենական պաշտո՞ն է, ի՞նչ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս