
«ԱՄՆ-ը նոր նախագահ ունի, ինչը նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է, փոփոխության հետ մեկտեղ՝ գալիս են նաև հնարավորություններ». Ռիչարդ Միլզ

«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով Պետքարտուղարության վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ ԱՄՆ նոր վարչակազմին»,- այս մասին այսօր Հայ-ամերիկյան առևտրային պալատի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը դեսպանատան 15 ամիսների գործունեության, ծրագրերի և ուղեգծերի ամփոփման շրջանակում նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը:
Նա նշեց, որ Միացյալ Նահանգները նոր նախագահ ունի, իսկ դա նշանակում է, որ փոփոխությունների ու անցման ժամանակաշրջան է: Սակայն, դեսպանի խոսքով, փոփոխության հետ մեկտեղ՝ գալիս են նաև հնարավորություններ:
«Կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ նոր վարչակազմ է ձևավորվում, նոր թիմը միշտ շատ հարցեր է ունենում, և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, աշխատելով Պետքարտուղարության մեր վաշինգտոնյան գործընկերների հետ, պետք է ապահովի տեղեկություններ նոր վարչակազմին, որպեսզի նրանք կարողանան լիարժեք պատկերացնել հայ-ամերիկյան հարաբերությունների ուղեգծերն ու նրբությունները, մեր շահերի կարևորությունը Հարավային Կովկասում և մեր բարեկամությունն իր ողջ խորությամբ»,- ասաց դեսպան Միլզը: