«Դիմելուց 15 րոպե անց քաղաքացին կարող է ստանալ իր տեղեկանքը». Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը ներդնում է նոր համակարգ, որը կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը` անհրաժեշտ տեղեկանքների հետ կապված, և զերծ կպահի համակարգը կոռուպցիոն դրսևորումներից:
«Խոսքը քաղաքացիների մոտ մեծ պահանջարկ ունեցող տեղեկանքների մասին է: Առաջ այդ տեղեկանքները տրվում էին 5-7 օրվա ընթացքում: Նոր համակարգը ներդնելուց հետո այդ տեղեկանքը կտրամադրվի քաղաքացու դիմելուց հետո 15 րոպեի ընթացքում: Անցյալ տարի շուրջ 60 հազար քաղաքացի այսպիսի տեղեկանքների անհրաժեշտություն են ունեցել, դրանք տրամադրվում էին 1 շաբաթվա ընթացքում»:
Նա վստահեցրեց, որ բարելավված համակարգերի ներդնումը կշարունակվի, և դրանք քաղաքացիների կյանքը կթեթևացնեն, ընդ որում, նրա խոսքով՝ քաղաքացիները կարող են դիմել Սոցիալական ապահովության ծառայության ցանկացած գրասենյակ, անկախ այն բանից, թե որտեղ են հաշվառված:
«Բոլորս ենք հասկանում, որ, երբ քաղաքացիները որևէ տեղեկանքի կարիք ունեն, և կա որոշակի ժամանակի խնդիր, միշտ առաջանում են տարբեր տիպի քաշքշուկներ, հարցեր, որոնք լուծելու համար տարբեր անձանց են փորձում գտնել, միջնորդել, բարեխոսել, որ տեղեկանքը հնարավորինս շուտ տրամադրվի: Այս պարագայում, քաղաքացին դիմելուց 15 րոպե անց կարող է ստանալ իր տեղեկանքը, դա վերաբերում է կենսաթոշակառու լինել-չլինելու մասին տեղեկանքին, կենսաթոշակի չափին, և այլն: Նոր համակարգն էապես կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, և, որ ամենակարևորն է՝ կունենա հակակոռուպցիոն արդյունք»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա քննարկումներ են տարվում ԱԳՆ-ի հետ, որպեսզի արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները նույնպես արագ ժամկետում կարողանան ստանալ այդ տեղեկանքները:
«Հարկ չի լինի նաև, որ քաղաքացին այցելի ազգային արխիվ, այդ գործառույթը նույնպես իրականացնելու է Սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցը»,- ասաց նախարարը: