ԵԿՄ-ն առաջիկայում հերթական համագումար կանցկացնի. հրավիրվելու է նաև Սերժ Սարգսյանը

Երկրապահ կամավորական միության կազմկոմիտեն առաջարկել է միության հերթական համագումարը հրավիրել 2017թ. փետրվարի 18-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը, փետրվարի 3-ին տեղի կունենա ԵԿՄ վարչության ընդլայնված նիստ, որի ժամանակ այդ առաջարկը կքննարկվի:

«Ըստ երևույթին, այդպես էլ կհաստատվի, որևէ հիմք չկա, որ այդ առաջարկը չընդունվի: Ֆորմալ առումով դեռ որոշված չէ, բայց, ըստ երևույթին, հենց փետրվարի 18-ին էլ կլինի հերթական համագումարը»,- ասաց Վարդանյանը:

Ներկայացնելով համագումարի օրակարգը` Վարդան Վարդանյանը նշեց, որ կլինի միության նախորդ` 10-րդ համագումարի ընթացքում նախանշված աշխատանքների կատարման ընթացքը: «Իհարկե, տեղի կունենան կանոնադրական փոփոխություններ, կանոնադրությունը կհամապատասխանեցվի «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններին: Հաստատվելու են նաև գալիք 4 տարվա ծրագրերը: Կլինի նաև վարչության կազմի ընտրություն, վարչությունն էլ իր կազմից նախագահ կընտրի: Կընդունվի նաև բանաձև, որով կնախանշվեն բոլոր ուղղություններով Երկրապահ կամավորական միության առաջիկա ծրագրերը»,- ասաց ԵԿՄ մամուլի խոսնակը:

Նա նաև հավելեց, որ ԵԿՄ 11-րդ համագումարին մասնակցելու համար հրավիրելու են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Տեսանյութեր

Լրահոս