Կարեն Անդրեասյանը չի մասնակցի ընտրություններին, եթե «Համախմբման» դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը քաղաքականությունից հեռանալու նպատակ չունի, իսկ կուսակցությունը լքել-չլքելու վերջնական որոշում դեռ չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Անդրեասյանն ընդգծեց, որ հիմա նայում է, թե ինչ ճանապարհներ կան իր պատկերացրած քաղաքական արժեքներն ու հնարավորությունները Հայաստանում ռեալիզացնելու համար:

Հարցին` հնարավոր է լքի «Համախմբում» կուսակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս իր դժգոհությունն էր արտահայտել, որ «Համախմբում» կուսակցության ձևավորած դաշինքը պետք է գլխավորի Սեյրան Օհանյանը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Կուսակցության հետ կապված իմ վերջնական որոշումը կլինի մի քանի օրից, երբ ես կտեսնեմ, թե ինչ վերջնական որոշում է կայացնելու կուսակցությունը և ինչպիսին է լինելու ընդհանուր քաղաքական համայնապատկերը»:

Նա հավելեց, որ ինքը նվազագույնը չի մասնակցի առաջիկա ընտրական գործընթացին, եթե «Համախմբում» կուսակցության ձևավորած դաշինքը գլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից և տեղափոխվել Վրաստան: Կարեն Անդրեասյանն ընդգծեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում և ինքն արտագաղթելու նպատակ չունի. «Դա բացարձակ սուտ է, ես ընդամենը ստացել եմ առաջարկ լինել  Վրաստանում բացվող խոշոր օտարերկրյա բանկի տնօրենների խորհրդի անդամ, որը ենթադրում է պարբերաբար այցելել Վրաստան: Սակայն դա չի նշանակում, որ ես արտագաղթելու եմ Հայաստանից: Ես արտագաղթի որևէ ծրագիր չունեմ»,- եզրափակ եց նա:

«Համախմբում» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին կմասնակցի «Երրորդ Հանրապետություն» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցությունների հետ դաշինքով: Վերջերս դաշինքին միանալու մասին է հայտարարել նաև ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Մեծ է հավանականությունը, որ այդ դաշինքը գլխավորելու է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ համաձայն չէ որոշմ ան հետ, որ դաշինքը պետք է գլխավորի Սեյրան Օհանյանը: Այդ պահից սկսած` մամուլում լուրեր են շրջանառվում, որ Կարեն Անդրեասյանը պատրաստվում է լքել «Համախմբում» կուսակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս