«Մենք խորը ճգնաժամի մեջ ենք». Վահագն Խաչատրյան
«Վաղուց այլևս հնարավոր չէ վստահել ԱՎԾ տվյալներին, դրանք ընդամենը նկարչություն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով այսօր Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների մասին։
«Ազգային վիճակագրության ծառայությունն այսօր հրապարակել է 2016 թվականի հունվար-դեկտեմբերի տվյալները, ըստ որոնց՝ գրանցվել է 0, 5 տնտեսական ակտիվության ցուցանիշ։ Վաղուց այլևս հնարավոր չէ վստահել ԱՎԾ տվյալներին, դրանք ընդամենը նկարչություն են»,- նշեց Վ. Խաչատրյանը։
Տնտեսագետի խոսքով՝ եթե այս տարին մեկ տոկոս տնտեսական աճի սահմաններում էլ կարողանանք փակել, դա ևս հաջողություն կարելի է համարել.
«Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա 2016 թվականի հաշվեկշիռն է՝ -54036 մարդ։ Իսկ պետական պարտք-ՀՆԱ-ն կկազմի 55.7 տոկոս։ 2016 թվականին 85 միլիարդ դրամ հարկ չի հավաքագրվել, որի արդյունքում՝ բյուջեի պակասուրդն է ավելացել։ Այն լրացնելու համար էլ ավելացվում է պետական պարտքը։ Մենք խորը ճգնաժամի մեջ ենք»։
Վ. Խաչատրյանը նշեց, որ 20 տոկոսով աճել է արտահանումը, բայց նա վստահ է, որ մեծ խաբեություն կա այստեղ, քանի որ արտադրության ծավալները չեն աճել։ Նրա խոսքով՝ թվերի խեղաթյուրում կա.
«Թե արտահանումն ինչի՞ հաշվին է աճել, դրա պատասխանը չի տրվել, մասնավորապես, լոլիկի հարցում։ Եթե այս հարցին պատասխան լինի, միջազգային մեծ սկանդալ կլինի։ Խաբկանք են այն հավաստիացումներն իշխանությունների, թե ներդրումներ են արվում կամ քայլեր են ձեռնարկվում. դրանք ընդամենը պոպուլիզմ են։ Ես չեմ տեսնում այն միջավայրը, որը կարելի է համարել բարենպաստ ներդրումների համար»։
Բանախոսը նշեց, որ տարիներ շարունակ վարվող տնտեսական քաղաքականության արդյունքում ամեն ինչ արվել է, որ որոշակի խավ, որը մոտ է կանգնած իշխանությանը, անընդհատ հարստանա. «Իրենք հարստանում են ոչ թե իրենց՝ տնտեսության մասնակցության չափերից ելնելով, այլ ուղղակի օգտվում են իշխանությանը մոտ կանգնելու առավելություններից։ Տարիների ընթացքում այդ մարդկանց՝ օգտվողների թիվը կրճատվել է, 10 տարի առաջ դրանք ավելի շատ էին, 5 տարի առաջ դրանք ավելի շատ էին, հիմա ավելի քիչ են, եթե 10 տարի առաջ նրանք կարող էին ավելի մեծ մասնակցություն ունենալ նոր արդյունքի ստեղծմանը և դրանով նպաստել տնտեսության զարգացմանը, հիմա նրանք այդ հնարավորությունը չունեն։ Խնդիրը դրված էր, որ մենք պետք է ունենանք հարուստներ և աղքատներ, իսկ միջին խավ պետք է չունենանք։ Սրա արդյունքում՝ մենք հասարակության մեջ կորցրեցինք ընդհանուր գնողունակությունը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։