
Ձյան առատ տեղումները Աջարիայում առանց էլեկտրականության են թողել շուրջ 5 հազար մարդու

Եղանակային անբարենպաստ պայմանները շարունակում են խնդիրներ ստեղծել Վրաստանի արևմուտքում։ Ձյան առատ տեղումները վնասել են էլեկտրալարերը, ինչի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել Աջարիայի մոտ 5000 բաժանորդ։
Սահմանափակվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը նաև Սամեգրելոյի և Իմերեթի շրջանների մի մասում։
Energo-Pro Georgia-ն տեղեկացրել է, որ էլեկտրաբաշխիչ ընկերության տեխնիկական բրիգադները աշխատում են արտակարգ ռեժիմով։
Ձյան տեղումների պատճառով արդեն երրորդ օրն է, ինչ փակ է Բաթումի միջազգային օդանավակայանը, երկրորդ օրն է, ինչ կաթվածահար է Բաթումի նավահանգիստը։
Ձյան մաքրման աշխատանքներ են իրականացվում նաև Բաթումի փողոցներում։
Աջարիայի բարձրլեռնային շրջաններում ձյան ծածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը։
Ձյունը խնդիրներ է ստեղծել նաև Քոբուլեթի քաղաքի ճանապարհներին։