
Կասեցվել է «Nutrilon ProNutra» մանկական կերի վաճառքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) դիտարկում է իրականացրել Երևան քաղաքի երկու՝ «Ալֆա-Ֆարմ» և «Ռիթմ Ֆարմ» դեղատներում՝ պարզելու «Nutrilon ProNutra» մանկական կերի մակնշման պահանջների համապատասխանությունը սահմանված նորմերին:
ՀՀ ՍԱՊԾ մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Nutrilon ProNutra» մանկական կերն արտադրված է Լեհաստանում (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Փոխարենը դիտարկման ընթացքում արձանագրվել է, որ դեղատներում վաճառվող «Nutrilon ProNutra» մանկական կերի հայերեն մակնշումը թերի է՝ բացակայում են ներմուծողի տվյալները:
ՍԱՊԾ տեսուչների կողմից տեղում կասեցվել է վերը նշված մանկական կերի վաճառքը: Ներմուծողին հանձնարարվել է վերացնել մակնշման բացթողումը:
ՍԱՊԾ-ը դիտարկում է անցկացրել ռադիո «Ավրորայի» ահազանգի հիման վրա: