Բաժիններ՝

«2016թ. տնտեսական առումով դժգույն, գորշ տարի էր». Բագրատ Ասատրյան

«Եթե խոսում ենք տնտեսական տարվա մասին, ապա անցյալ տարին ոչնչով աչքի չընկավ. դժգույն, գորշ տարի էր, որը ոչինչ կամ գրեթե ոչինչ չտվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։

Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշների նախնական ամփոփումները կան, դատելով վերջին հրապարակումներից՝ լավագույն դեպքում, խոսքը մինչև 1 տոկոս տնտեսական աճի մասին է լինելու։ Ըստ նրա` խիստ անհանգստացնող է այն հանգամանքը, որ անկումը բնորոշ է տնտեսության այն ոլորտներին, որոնք, իբրև կանոն, զբաղվածության առումով մեծ դերակատարություն ունեն, օրինակ՝ շինարարություն, գյուղատնտեսություն և այլն։

«Մեր երկիրը մնում է այն սարսափելի վատ դրսևորման ներքո, որը վերջին 5-6 տարիների միտումն է՝ ծավալուն արտագաղթ»,- ասաց Բագրատ Ասատրյանը։

Նա առանձնացրեց 2008-2016թթ.՝ ներկայացնելով որոշակի տվյալներ. ժամանակաշրջանը համընկնում է նաև քաղաքական վերջին ցիկլի հետ, իսկ Հայաստանում դրանք անձերով են պայմանավորված. «ՀՆԱ-ի դոլարային արտահայտությամբ 11.5 տոկոս անկում ենք ունեցել։ Սա տեղի է ունեցել այն պարագայում, որ մեր պետական արտաքին պարտքն աճել է 311 տոկոսով։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել աղքատության մակարդակի աճի վրա։ Անգամ պաշտոնական թվերն այս ժամանակահատվածում արձանագրում են աղքատության մակարդակի 26.4-29.8 տոկոս աճ։

Երկու թիվ էլ եմ ավելացնելու՝ բնութագրելու այս իշխանությունների գործելակերպը, որը, ցավոք, այսօր էլ դեռ փոխված չէ։ Խոսքը հարկաբյուջետային մի քանի ցուցանիշների մասին է։ Դրամային արտահայտությամբ ծախսերի մակարդակն այս ժամանակահատվածում ավելացել է մոտ 165 տոկոսով, բայց ես ուզում եմ ցույց տալ այն ուղղությունները, որտեղ մեր իշխանավորների նախապատվություններն են դրսևորվում։ Դրամային արտահայտությամբ բյուջեի ծախսերի մակարդակի 166 տոկոս աճի պարագայում պետական ապարատի պահպանման ծախսերի աճը կազմել է 265 տոկոս։ Մի թիվ էլ ասեմ, որ հասկանանք, թե ուր ենք գնում։ Նույն ժամանակահատվածում կրթությանն ուղղված ծախսերի աճը կազմել է 123.3 տոկոս»։

Տնտեսագետի խոսքով՝ այս թվերը վկայում են այն մասին, թե ինչ են իշխանություններն ուզում երկրից։ «Ակնհայտ է, որ հասարակությանը տալիք չունեն։ Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը, այդուհանդերձ, մնում է խոշոր, ծավալուն արտագաղթը»,- ասաց նա՝ նշելով, որ փոխվեց կառավարության կազմը, նշանակվեց նոր վարչապետ, սակայն ինքը մինչև հիմա չի լսել մի լուրջ հարցադրում, որը պետք է ուղղված լինի այդ սարսափելի երևույթի կանխմանը։

«Կարող եմ ավելին ասել՝ այս տարվա բյուջեն, որը նախորդ տարվա վերջին արդեն նոր կառավարությունն ընդունեց, իր էությամբ, տրամաբանությամբ՝ ոչ մի շտկում չմտցրեց ասվածի մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ մի բան է արձանագրել իր համար՝ իշխողները մի բան են ուզում՝ վերարտադրվել, վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ մոռացության մատնելով այն տնտեսական վիճակը, որի հեղինակներն իրենք են։

«Ասում են, որ իրենք փոխվել են, որ կան նոր մոտեցումներ, անգամ, որ պայքարում են մենաշնորհների դեմ։ Բանանի պատմությունը գիտեք։ Բայց, ցավոք, այս հեղափոխությունը կամ փոփոխությունները կամ բարեփոխումներն այդպես էլ բանանային մնացին։ Մեր տնտեսության ընդհանուր պատկերը նույնն է մնում՝ էլի օլիգարխիկ համակարգ, էլի մենաշնորհներ, որ իշխող դիրք են գրավում։ Այդ մենաշնորհների առանցքը, հիմքը քաղաքական մենաշնորհն է, որից այս իշխող ուժը որևէ կերպ չի ուզում հրաժարվել»,- ասաց Բագրատ Ասատրյանը։

Անդրադառնալով բանկային համակարգին՝ Բագրատ Ասատրյանն ասաց, որ 2015թ. ծանր էր ամբողջ բանկային համակարգի համար, իսկ կապիտալի մակարդակի բարձրացումն էական բան չի տվել մեր բանկային համակարգին։

«Ես ինքս շատ լուրջ չեմ վերաբերվել այդ միջոցառմանը. դա ավելի շատ տեխնիկական քայլ էր, որը բնավ էլ չի երաշխավորում մեր բանկային համակարգի զարգացումը։ Իհարկե, ավելի բարձր կապիտալն ավելի լավ բան է, քան ցածր կապիտալը, բայց… Նախ՝ ես պնդում եմ, որ 30 մլրդ նվազագույն թիվը մեծ թիվ չէ։ Այս թվով աշխարհում որևէ տեղ հանդես չես գա, այս թվով երբեք չպետք է մտածես, որ մուտք ես գործելու միջազգային ֆինանսական շուկաներ»,- ասաց Բագրատ Ասատրյանը՝ նշելով, որ Կենտրոնական բանկը պետք է խրախուսի խոշոր բանկեր ունենալը, այսօր Վրաստանում բանկ կա, որի կապիտալն ավելի բարձր է, քան մեր ամբողջ բանկային համակարգինը։

Նա նշեց, որ 30 մլրդ-ից պակաս կապիտալ ունեցող բանկերի շարքում կային բավական ճկուն, տնտեսությանը, հասարակությանը որակյալ ծառայություններ մատուցող բանկեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս