
«Ես պատիվ եմ ունեցել տեսնելու Թալիշում կռվող տղաների դեմքերը». Լարիսա Ալավերդյան

Հայկական բանակում ծառայելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ համանախագահ Լարիսա Ալավերդյանը: «Շնորհավորում եմ հայկական բանակում ծառայողներին, ծառայածներին, նրանց, ովքեր դեռ պետք է ծառայեն: Հայկական բանակը մեր երկր ի հարատևման երաշխիքն է: Ցանկանում եմ, որ մեր բանակը օրեցօր հզորանա»,- ասաց Ալավերդյանը:
Ըստ նրա`հայկական բանակը կայացած կառույց է, որն անցել է սխրագործություններով լի ճանապարհ: «Ո′չ միայն 90-ական թվականների սխրագործություններն են, որով մենք վերադարձրեցինք հողերի մի մասը, այլև ապրիլյան քառօրյա պատերազմում մեր երիտասարդների հերոսական կռիվը: Նոր սերունդը ցույց տվեց նոր որակ և ապացուցեց, որ անկախ նրանից, թե պետությունում ինչ խնդիրներ կան, իրենք պատրաստ են գնալ մինչև վերջ՝ չխնայելով կյանքը»,- ընդգծեց Ալավերդյանը:
Վերհիշելով ապրիլյան քառօրյա պատերազմը՝ Ալավերդյանը, մասնավորապես, նշեց. «Ես պատիվ եմ ունեցել տեսնելու Թալիշում կռվող տղաների դեմքերը: Այդ ժամանակ ես համոզվեցի, որ հայ ժողովուրդը մտահոգվելու խնդիր չունի»: