Բաժիններ՝

«Ես չեմ կարող նկարագրել, թե այդ օրերին ինչ ապրումներ եմ ունեցել…»

Ապրիլյան պատերազմի մասնակից, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Լրագրողների հետ զրույցում Սամվել Առաքելյանը նշեց, որ 2 տարի է` ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում, մասնակցել է ապրիլյան պատերազմին:

«Այդ օրերին զոհվել են իմ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները` Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զո հրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը: Ես չեմ կարող նկարագրել, թե այդ օրերին ինչ ապրումներ եմ ունեցել, միայն կարող եմ նրանց ծնողներին շնորհակալություն հայտնել` նման տղաներ դաստիարակելու համար»,-  նշեց Առաքելյանը` հավելելով, որ տղաների զոհվելու պահին ինքը եղել է հարևան դիրքում:

Նա հավելեց, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակի զինվորի մարտական և հայրենասիրական ոգին ավելի է բարձրացել: Հայ զինվորն ամուր կանգնած է պետական սահմանին և չի հանդուրժելու հակառակորդի որևէ ոտնձգություն:

Հարցին` առաջին հերթին ինչի՞ մասին է մտածում առաջնագծում կանգնած զինվորը, Սամվել Առաքելյանն ընդգծեց, որ նա առաջին հերթին մտածում է իրեն սպասող ծնողներին հանգիստ քուն պարգևելու մասին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 28-ին հայկական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ պարգևատրել է շուրջ 200 ազատամարտիկների և զինծառայողների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս