
Թուրքիայի արդարադատության նախարարը հորդորել է Հունաստանին վերադարձնել փախած թուրք զինվորներին

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը դատապարտել է Հունաստանի դատարանի որոշումը` չհանձնել թուրքական կողմից փախած ութ զինվորներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Հունաստանի դատական մարմինների կայացարած այս անօրինական և սխալ որոշումը որևէ իրավական հիմնավորմամբ չի կարող բացատրություն ունենալ»,- ասել է Բոզդաղը: Նա հայտարարել է, որ որոշումը մեծ վնաս է հասցրել թուրք-հունական հարաբերություններին: Թուրքիայի արդարադատության նախարարը հորդորել է Հունաստանին հրաժարվել կայացրած որոշումից և վերադարձնել հեղաշրջման փորձին մասնակցած թուրք զինվորներին:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր:
Հեղաշրջման փորձից հետո Հունաստան էին փախել 8 թուրք զինվորականներ, որոնք Թուրքիայում մեղադրվում են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ: Թուրքիան Հունաստանից պահանջում է զինվորականներին հանձնել թուրքական արդարադատությանը:
Հունաստանի Գերագույն դատարանը 2017 թվականի հունվարի 26-ին որոշում էր կայացրել մերժել զինվորներին վերադարձնելու թուրքական կողմի պահանջը: