
Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրաստիճան այրերը Եռաբլուրում հարգեցին զոհված հայորդիների հիշատակը

Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարություններն այցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
«Եռաբլուր» պանթեոն այցելեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ կաթողիկոսը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը
հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Հայոց բանակի օրվա առիթով ՀՀ նախագահական նստավայրում տեղի կունենա պարգևատրման արարողություն, իսկ երեկոյան նաև՝ տոնական
համերգ:
Հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կմատուցվի Սուրբ Պատարագ:
Սուրբ Պատարագի ընթացքում կհրապարակվի Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առիթով: Կկատարվի նաև Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության և անսասանության համար: