«Հայ զինվորը փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը». Բակո Սահակյանն ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ Բանակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ բոլորիս համար թանկ ու հիշարժան տարեդարձի՝ Հայոց հերոսական բանակի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ: Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի և դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու և անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը:

Հարգարժա՛ ն Սերժ Ազատի, կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում՝ Դուք արել եք հնարավորը նրա կայացման ու զորացման համար: Արցախում գիտենք և բարձր ենք գնահատում Ձեր ավանդն ու հայրենանվեր ջանքերը: Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմին, մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ՝ համազգային խնդիրների լուծման և հայոց պետականության ամրապնդման ճանապարհին»:

Տեսանյութեր

Լրահոս