«Մենք հայտնվել ենք աննախանձելի վիճակում. Հայաստանը ձախողված երկիր է». Վահագն Խաչատրյան
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ շատ ուշադիր հետևում է կառավարության բոլորին քայլերին ու մի բացասական երանգ է զգում. մասնագիտական մոտեցումների պակաս կա:
«Ես ավելի շատ տեսնում եմ խոսք, ներկայացումներ, բայց իրական կյանքում՝ տնտեսական կամ հասարակական, փոփոխություն չկա: Դա պայմանավորում եմ երկու հանգամանքով. կամ պատասխանատուներն ունեն ժամանակի պակաս, կամ ուղղակի տեղյակ չեն եղել այդ բնագավառներից ու հիմա եկել՝ նոր հայտնագործություններ են անում: Բայց դրանք նոր հայտնագործություններ չեն, այդ խնդիրները վաղուց կան, ուղղակի սեպտեմբեր ամսին, չգիտես՝ ինչու, որոշվեց, որ պետք է դրանց մասին հրապարակավ խոսել: Կոնկրետ տնտեսական աճի մասին եմ ես խոսում: Այն, ինչ հիմա արձանագրվում է՝ 0.5 % աճ, բոլորս գիտեինք, գիտեինք նաև, որ նախկինում ՀՀ-ում ներկայացվող տնտեսական աճը՝ 3.2 %, չկար»,- ասաց նա:
Հետևաբար, տնտեսագետն այն կարծիքին է, որ այս պայմաններում պետք է բացատրվեր՝ իրականում ինչ է տեղի ունեցել. «Երեկ Վիճակագրական ծառայության պատասխանատուն 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե գյուղատնտեսության մեջ այդ թվերի նկարագրությունն ինչպես է ստացվել: Եվ հավատացնում եմ ձեզ՝ այդ բացատրությունը որևէ քննադատության չի դիմանա, որովհետև այնտեղ ուղղակի նկարչության մասին է խոսվում: Հիմա այս զրոյական տնտեսական աճի պայմաններում ինչո՞ւ չենք ուզում շատ ավելի ազնիվ գտնվել և ասել՝ գիտե՞ք ինչ կա, մեզ մոտ՝ գյուղատնտեսությունում, ըստ էության, խայտառակ վիճակ է, շինարարության մեջ նույն վիճակն է, և մենք ճշգրտված մոտեցումներ դեռևս չունենք՝ ռազմավարական առումով: Երբ հետևում ենք կառավարության հայտարարություններին, որ մենք հիմա հիմնականում 5 ճյուղի վրա ենք ուշադրություն դարձնում, նախորդ կառավարություններում էլ կգտնեք նույն բաները»:
Տնտեսագետն ընդգծեց՝ երբ հարցադրումն այս շրջանակներում ենք անում ու կողքից էլ ավելացնում ենք՝ ներդրումներ, շատ անորոշ ու անհասկանալի իրավիճակ է ստեղծվում. «Մենք հայտնվել ենք աննախանձելի վիճակում, մենք ձախողված երկիր ենք, որովհետև բոլոր մեր միջոցառումները, որոնք նպատակամղված են տնտեսական աճին, իրականություն չեն դարձել:
Ընդհակառակը, վերջին երեք տարիների ընթացքում ավելի վատ վիճակում ենք հայտնվել՝ պետական պարտքն է ավելացել, մարդկանց եկամուտներն են պակասել, գնողունակության ավելացում չի նախատեսվում, որովհետև աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում: Եվ այս պայմաններում այդպիսի ներկայացումներ անել ու փորձել, մասնագիտական առումով՝ շատ միջին մակարդակի մոտեցումներով, ասել՝ մենք ներդրումների համար համապատասխան պայմաններ ենք ստեղծում, կներեք, ներդրումների համար ի՞նչ պայմաններ են ստեղծվում»:
Վահագն Խաչատրյանի դիտարկմամբ՝ եթե խոսում ենք ներդրումների մասին, ապա նախ և առաջ՝ պետք է մեր առավելությունները գնահատենք. ««Կապիտալը գնում է այնտեղ, որտեղ կան ցածր հարկեր, խելամիտ օրենքներ, խաղաղություն»,- ասել է Ադամ Սմիթը: Հիմա մենք գնում ենք Ռուսաստան, խոսում ենք 300 մլն դոլարանոց հիմնադրամի մասին, բայց ինձ կարող են ասել՝ ինչո՞ւ պետք է ռուսական կապիտալը գա Հայաստան, ո՞րն է առավելությունը: Ռուսաստանում եկամտահարկը 13% է, ՀՀ-ում՝ 26%, Ռուսաստանում ԱԱՀ-ն 18% է, ՀՀ-ում՝ 20%, Ռուսաստանում իրենց ռուբլին ավելի արժեզրկվեց, քան մեր դրամը: Այսինքն՝ պարզվում է, որ Ռուսաստանում բիզնես անելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում»: