Ինչով էր պայմանավորված գյուղատնտեսության ոլորտի անկումը 2016թ. հունվար-սեպտեմբերին. ԱՎԾ մեկնաբանությունները

2016 թվականի վերջին գյուղատնտեսության ոլորտը հանկարծ սկսեց խայտառակ վատ ցուցանիշներ գրանցել։ Նախ` սեպտեմբերին (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ) գրանցվեց 20% անկում, իսկ հոկտեմբերին անկման տեմպը հասավ 30%-ի։ Այս անկումը բուռն քննարկման թեմա դարձավ։ Գյուղոլորտի ցուցանիշների անկման մասին լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանից` նախ 2016-ի դեկտեմբերին` ԶԼՄ-ների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո այս տարվա արդեն հունվարի 13-ին վարչապետի ասուլիսի ժամանակ, մենք անդրադարձանք վիճակագրական տվյալների թեմային։ Կարեն Կարապետյանը Ազգային վիճակագրական ծառայությանը հանձնարարեց այս հարցը պարզաբանել։

Գյուղոլորտի ցուցանիշների թեմայով «168 Ժամը» զրուցել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի գյուղատնտեսության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանի հետ։

– Պրն Ավագյան, նախ` սկսենք հետևյալ հարցից` որտեղի՞ց է ԱՎԾ-ն վերցնում գյուղատնտեսության ոլորտի տվյալները։ Որո՞նք են այս ոլորտին վերաբերող վիճակագրական տվյալների տեղեկատվական աղբյուրները։

– Հայաստանում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունների, բազմամյա տնկարկների տարածությունների և համախառն բերքի վերաբերյալ վիճակագրական տվյալները ՀՀ ԱՎԾ են տրամադրում ՀՀ բոլոր համայնքները, որոնք ՀՀ ԱՎԾ-ի համար հանդիսանում են վարչական ռեգիստրներ, և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները` պետական վիճակագրական հաշվետվությունների միջոցով։

Կարդացեք նաև

Անասնաբուծական հիմնական արտադրանքի վերաբերյալ վիճակագրական տվյալները ՀՀ ԱՎԾ են տրամադրում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որը ՀՀ ԱՎԾ-ի համար ևս հանդիսանում է վարչական ռեգիստր, և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունները` պետական վիճակագրական հաշվետվությունների միջոցով։
Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ ԱՎԾ գյուղատնտեսության ոլորտին վերաբերող բոլոր հրապարակումների հիմքում ընկած են վերը նշված ռեսպոնդենտներից` տեղեկատվական աղբյուրներից, հավաքագրված տվյալները։ 2016թ. խնդրահարույց ամիսներին արձանագրված ցուցանիշների հիմքում նույնպես ընկած են վերը նշված ռեսպոնդենտներից հավաքագրված տվյալները։

Որպես կանոն` ռեսպոնդենտների կողմից տրամադրված տվյալների մեծ շեղումների, ընթացիկ տարվա հաշվետու ամիսը նախորդ ամսվա, նախորդ տարվա համապատասխան ամսվա նկատմամբ և այլն, առկայության դեպքում ՀՀ ԱՎԾ մարզային գործակալությունների կողմից արվում են հարցումներ` նպատակ ունենալով պարզել, հասկանալ հավաքագրված տվյալների շեղումների հիմքում ընկած պատճառները, ստանալ հավաստումներ կամ անհրաժեշտության դեպքում ճշգրտել տվյալները։

– Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին հենց այդպիսի մեծ շեղումներ գրանցվեցին։ Պարզեցի՞ք` որոնք են 20 և 30 տոկոս անկման պատճառները։

– Այո։ Սեպտեմբեր ամսվա անկումը, համաձայն հարցումների, հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսական որոշ մշակաբույսերի հասունացման վեգետացիոն ժամանակաշրջանի կրճատման հետ։ Այսինքն, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի որոշ մասը, որը պետք է հավաքվեր սեպտեմբեր ամսին, հավաքվել էր օգոստոսին` կապված հիմնականում վաղ հասունացման հետ, համենայնդեպս, ըստ որոշ ռեսպոնդենտների պարզաբանումների։ Ինչ վերաբերում է հոկտեմբեր ամսվա ցուցանիշի անկումին և նոյեմբեր ամսվա ցուցանիշի աճին, ապա համաձայն նույն աղբյուրների մեկնաբանությունների, դրանք պայմանավորված էին հիմնականում կլիմայական պայմանների վատթարացմամբ և արտադրանքի իրացման բարդությունների հետ կապված խնդիրներով։

Այն է` հոկտեմբեր ամսին որոշ մարզերում տեղացած տևական տեղումների պատճառով դժվարացել և դանդաղել էին բերքահավաքի աշխատանքները, արդյունքում` բերքի որոշ մասը, որը պետք է հավաքվեր հոկտեմբերին, հավաքվեց նոյեմբեր ամսին, դրանով են պայմանավորված հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների վերաբերյալ գյուղատնտեսության համախառն արտադրանքի փաստագրված տվյալները։

Նշված ամիսների գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշներին անդրադարձել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարը. «Գյուղատնտեսության հոկտեմբեր ամսվա անկումը և նոյեմբերի աճը նախարարը բացատրել է տարվան բնորոշ բնակլիմայական պայմաններով. անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացիներն այս տարի չեն կարողացել բերքը հավաքել հոկտեմբերին և բերքահավաքը կատարել են նոյեմբեր ամսին, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ հոկտեմբերին նախորդ տարվա համեմատ ունեցանք անկում, իսկ նոյեմբերին` ընդհակառակը` աճգ»։ Մեջբերումը կատարում եմ նրա տարեվերջյան մամուլի ասուլիսի համապատասխան հատվածից, ինչից կարելի է ենթադրել, որ նախարարի նույն մտահոգության համատեքստում, տեղեկատվության նույն աղբյուրներից նմանատիպ պարզաբանումներ են ներկայացվել իրեն։

– Ստացվում է` տեղեկատվության աղբյուրների հետ խնդիր չկա։ Մարզպետների և համայնքապետերի տրամադրած թվերին կարելի՞ է հավատալ։

– Ընդհանրապես, գյուղատնտեսության ցուցանիշների տեղեկատվական աղբյուրների թեմայով հարկ եմ համարում նշել, որ, ինչպես նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, այնպես էլ Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ավանդական մեթոդով հավաքագրված վիճակագրական տվյալները պարունակում են որոշակի ռիսկեր, որոնք կարող են բխել դրանք տրամադրողների` համայնքների և վարչական հասցեական ներգործություն իրականացնող պետական մարմինների գերատեսչական շահերից։

Օրինակ` ինչպես ցույց է տալիս վերոհիշյալ երկրների փորձը, գյուղարտադրանքի արտադրության սուբսիդավորման կամ գյուղատնտեսական նշանակության կենդանիների պատվաստման պետական ծրագրերը կարող են շահադրդել ռեսպոնդենտներին ավելի մեծ քանակի հողատարածքներ կամ անասնագլխաքանակ «ցույց տալուն», իսկ աղքատության ընտանեկան նպաստների պետական ծրագրերը կամ գյուղատնտեսական գործունեության տեսակի նկատմամբ պետական կամ համայնքային հարկատեսակների կիրառումը կարող է հակառակ ուղղությամբ շահադրդում առաջացնել։

Դրանով պայմանավորված, սկսած 1990-ականների սկզբից` արևելաեվրոպական բազմաթիվ երկրներ սկսեցին անցկացնել գյուղատնտեսական համատարած հաշվառումներ (ԳՀՀ)։ 2000-ականների կեսերից նախկին խորհրդային երկրները սկսեցին համատարած հաշվառման գործընթացը` ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միասնական մեթոդաբանության համաձայն։

Դա է փաստում նաև շուրջ 50 երկրներում գյուղատնտեսական համատարած հաշվառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին օժանդակություն ցուցաբերած ԱՄՆ Գյուղատնտեսության դեպարտամենտի` Ազգային գյուղատնտեսական վիճակագրության ծառայության (USDA NASS) ավագ փորձագետ և Հայաստանում ԳՀՀ նախագծի ղեկավար Մայքլ Սթայների «Համատարած գյուղհաշվառման տվյալները ոլորտի զարգացման բանալին են» խորագրով հարցազրույցը, որտեղ նշված է, որ վերը նշված երկրներում անցկացված ԳՀՀ-ների արդյունքներով «գՀիմնական գյուղմթերքի գծով որոշ տվյալներ 30-40% շեղումներ ունեցան։

Ընդ որում, այդ տարբերությունները նույնը չեն բոլոր ապրանքների համար, բայց ընդհանուր առմամբ` ԳՀՀ-ն ցույց է տվել շատ ավելի ցածր արդյունքներ, քան ավանդաբար հրապարակվել է մինչև «համատարած հաշվառման դարաշրջանը»»։ Այդ հարցազրույցում պարոն Սթայները մանրամասնել է նաև ՀՀ-ում 2014թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացված առաջին ԳՀՀ նպատակներին և դրա նշանակությանը վերաբերող մի շարք հարցեր։

Ընդհանրապես, ըստ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, գյուղատնտեսության վիճակագրության առավել ամբողջական գործիքը երկրների համար համարվում են գյուղատնտեսական համատարած հաշվառումները (ԳՀՀ), որոնք ՄԱԿ-ի անդամ երկրները պարտավոր են իրականացնել 10 տարին մեկ անգամ, որպեսզի միջհաշվառումային տարիներին վարչական ռեգիստրներից, հատկապես` վարչական լիազորություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, և այլ աղբյուրներից հավաքագրված ցուցանիշներում արձանագրվող հնարավոր շեղումները ենթարկվեն վերանայման, ինչպես և է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների համար տասնամյակը մեկ պարտադիր մարդահամարներ անցկացնելու պարագայում։

ՀՀ 2014թ. հոկտեմբերին անցկացված ԳՀՀ արդյունքները ներկայացվել են հանրությանը 2016թ. դեկտեմբերի 23-ին (արդյունքները զետեղված են ՀՀ ԱՎԾ պաշտոնական կայքէջում)։ Ավելացնեմ նաև, որ 2016թ. գյուղատնտեսության վիճակագրության տեղեկատվական աղբյուրները` ռեսպոնդենտները, և ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը փոփոխության չեն ենթարկվել։

– Ամեն դեպքում, 2 ամսվա կտրվածով գյուղատնտեսական արտադրանքի ծավալի նվազումը 106 մլրդ դրամով բավականին լուրջ շեղում է։ Մեր գործընկերներից մեկն անգամ հաշվել էր, որ դա համարժեք է 700 հազ տոննա կարտոֆիլի կամ 530 հազ տոննա խաղողի։ Տվյալներ ունե՞ք` որքանով են նվազել կամ ավելացել առանձին կուլտուրաների բերքի ծավալները։

– Մինչև առանձին տվյալներին անցնելը` նախ նշեմ, որ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք այն հիմնախնդրին, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի տեմպերն արտահայտված տոկոսով, հաշվարկվում են ոչ թե ընթացիկ գներով, այլ համադրելի գներով, սակայն որոշակի պարբերականությամբ նույն սխալը նորից կրկնվում է։ Այդ իսկ պատճառով` ընդհանրապես, և մասնավորապես` այս դեպքում` ճիշտ կլինի համեմատություններ կատարել արժեմեծությունները բերելով համադրելիության։

Արդյունքում` համադրելի գներով, 2016թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի տարբերությունը 2015թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ կկազմի ոչ թե շուրջ 106 մլրդ դրամ, այլ 94 մլրդ դրամ։ Ճիշտ է, նշված թվերի մեջ տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն իրավիճակը ճիշտ գնահատելու տեսանկյունից, ըստ մեզ, ավելի կոռեկտ է։ Ինչ վերաբերում է 700 հազար տոննա կարտոֆիլին կամ 530 հազար տոննա խաղողին, ապա նշված ամիսներին, ՀՀ բոլոր համայնքներից և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից ստացված տվյալների հիման վրա, պակաս է հավաքվել հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր` շուրջ 76 հազ. տոննա, կարտոֆիլ` 70 հազ. տոննա, բանջարանոցային մշակաբույսեր` 112 հազ. տոննա, բոստանային մշակաբույսեր` 49 հազ. տոննա, պտուղ և հատապտուղ` 66 հազ. տոննա, և խաղող` 128 հազ. տոննա։

Սակայն հարկ է նշել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերը նշված պակաս հավաքված բերքի մի մասը, ըստ ռեսպոնդենտների կողմից ներկայացված տվյալների, հավաքվել է օգոստոս ամսին, վաղ հասունացման հետևանքով, իսկ մի մասն էլ` նոյեմբերին, քանզի հոկտեմբերին հնարավոր չի եղել իրականացնել բնականոն բերքահավաք։ Թվերին քիչ հետո ես կանդրադառնամ։

Միաժամանակ, ինչպես վերը նշվեց, քանի դեռ գյուղատնտեսության ցուցանիշների տեղեկատվական հիմնական աղբյուրն ավանդական եղանակն է, այսինքն` համայնքները, որոնք բնութագրվում են բնականոն գերատեսչական շահերով, ինչերն էլ այդ ամիսների համար որևիցե կերպ չափելի չեն, ապա որևէ վիճակագրական ծառայություն երաշխավորված չի կարող լինել, որ համայնքների կողմից ներկայացված ցուցանիշների վրա առկա չէ այդպիսի շահերի ազդեցությունը։

Սակայն, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, այդպիսի շահերի և ռեսպոնդենտների կողմից թույլ տրված տրամաբանական և թվաբանական սխալների դրսևորման չափերը, և այն էլ, մեկ կամ երկու ամսում, այդպիսին չեն լինում, ինչով պայմանավորված և ենթադրում ենք, որ հիմնական, առավել ազդեցիկ գործոնը, բնակլիմայական պայմաններն են, ինչպես բերքի կորուստի, այնպես էլ` ժամանակի մեջ վեգետացիայի գործոնների տեղաշարժերը։

Ինչպես արդեն նշել էի, վեգետացիայի գործոնով պայմանավորված, որոշ մշակաբույսերի բերքահավաքի ժամանակաշրջանը տեղաշարժվել էր ժամանակի մեջ, այսպես, սեպտեմբեր ամսվա փոխարեն` որոշ մշակաբույսերի բերքահավաքն իրականացվել էր օգոստոսին` ավելի վաղ հասունացման պատճառով, անգամ օրերով։ Հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի համախառն բերքը 2016թ. օգոստոս ամսին կազմել էր 447.1 հազ. տոննա, որը գերազանցել էր 2015թ. օգոստոսի ցուցանիշը շուրջ 112 հազ. տոննայով կամ 33.4 %-ով, կարտոֆիլինը` համապատասխանաբար` 48.4 հազ. տոննա, և 8.5 հազար տոննայով կամ 21.3%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը` 349.0 հազ տոննա և 20.7 հազ. տոննայով կամ 6.3 %-ով։

– Իսկ ինչո՞վ է պայմանավորված գյուղոլորտի արտադրանքի ծավալի աճը 2016 թվականի նոյեմբերին։

– Անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով որոշ մշակաբույսերի բերքահավաքը, որը, որպես կանոն, իրականացվում է հոկտեմբերին, 2016թ.-ին իրականացվել է նոյեմբերի սկզբին։ Այսպես` ըստ նույն աղբյուրներից ներկայացված տեղեկատվության, կարտոֆիլի համախառն բերքը 2016թ. նոյեմբերին կազմել էր 81.5 հազ. տոննա, որը գերազանցում էր 2015թ. նույն ամսվա ցուցանիշը 11.7 հազ. տոննայով կամ 16.8%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը (հատկապես` կաղամբը և սոխը), համապատասխանաբար` 72.6 հազ. տոննա և 34.4 հազ. տոննայով կամ 90.1%-ով։

Հաշվի առնելով 2016թ. նաև բերքի պակասի երևույթը, վերը նշվածով թերևս հիմնականում կարելի է բացատրել 2016թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների էական տարբերությունները 2015 թվականի նույն ամիսների ցուցանիշներից, ինչի արդյունքում 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ցուցանիշը 2015թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ կազմել է 93.9 %, կամ որ նույնն է` նվազել է 6,1%-ով։

Տեսանյութեր

Լրահոս