Ո՞րն է հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքի պատճառը. ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթերը ԼՂ-ի վերաբերյալ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) միլիոնավոր փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։
ԿՀՎ-ի արխիվում կան մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին։
Համաձայն 2012թ. ԱՄՆ ԿՀՎ-ի գաղտնազերծած փաստաթղթի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկման պատճառը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև գոյություն ունեցող թշնամանքն է։
Համաձայն փաստաթղթի, որը գրվել է 1988թ. հունիսի 16-ին և նախատեսված է ԱՄՆ փոխնախագահի համար (այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցնում էր Ջորջ Բուշ-Ավագը) խորհրդային երկու ժողովուրդների՝ հայերի և ադրբեջանցիների միջև թշնամանքը հիմնված է կրոնական ու էթնիկ տարբերությունների վրա։
Զեկույցում անգամ ասվում է, որ հայերն օրթոդոքս քրիստոնյաներ են, ադրբեջանցիները՝ իսլամի շիա ուղղությունը դավանող էթնիկ թուրքեր։
Զեկույցի հեղինակը հիշեցնում է, որ Օսմանյան կայսրությունից հայ բնակչության արտաքսումը, որը հանգեցրել է 1.5 մլն զոհերի, հայերին տրամադրեց թուրք ժողովուրդների դեմ, այդ թվում՝ ադրբեջանցիների։
Նշվում է, որ Ռուսաստանը իր տիրապետությունն էր տարածել Հարավային Կովկասում 19-րդ դարի սկզբին և հայերին ու ադրբեջանցիներին վերցրել իր խնամակալության տակ՝ երբեմն երկու կողմին հրահրելով միմյանց դեմ։
Դրա հետ միասին, հայերը, որպես իրենց պաշտպան սկսեցին տեսնել ռուսներին կամ ընտրեցին Ռուսաստանը՝ որպես «չարիքի փոքրագույն»։
1917թ. Ցարական Ռուսաստանի փլուզումից հետո բոլշևիկները Ղարաբաղը հանձնեցին Ադրբեջանի վերահսկողությանը, ինչը հարուցեց հայերի դժգոհությունը, քանի որ Ղարաբաղում մեծամասնությամբ հայ բնակչություն էր ապրում, բացի այդ, այդ տարածքն «առանձնահատուկ տեղ ունի նրանց ազգային պատմության մեջ»։
Համաձայն գաղնազերծված փաստաթղթի՝ Մոսկվան որոշեց Ղարաբաղը վերադարձնել հայերին, սակայն ընդդիմացավ Թուրքիան, որը դեմ էր հանդես գալիս իր սահմանների մոտ հայկական մեծ հանրապետության ստեղծմանը։ Այդ պատճառով էլ 1923թ. Խորհուրդների ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին՝ այն վերանվանելով Լեռնային Ղարաբաղ։
«Այդ ժամանակից ի վեր հայերը պարբերաբար քարոզչություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի վերադարձի օգտին»,- ասվում է զեկույցում։
Վկայակոչելով ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի տնտեսական գծով խորհրդական
Աբել Աղանբեկյանին, որը կիսով չափ հայ է, զեկույցի հեղինակը նշում է, որ 1960-1970-ականներին հայ այլախոհները հանդես էին գալիս Ղարաբաղի շրջանը վերադարձնելու կարգախոսներով։
Զեկույցի հեղինակի կարծիքով՝ ադրբեջանցիները նկատում էին ռուսների «ֆավորիտիզմը հայերի նկատմամբ», որոնք ներկայացված էին Մոսկվայի քաղաքական էլիտայում։
Բացի այդ՝ փաստաթղթում մատնանշվում են նաև Ադրբեջանում առկա ժողովրդագրական խնդիրները, որտեղ ավելանում է գործազուրկ երիտասարդների թիվն ու վատանում կենսամակարդակը։
Զեկույցում ասվում է, որ այդ «վիրավորանքներն» անուղղակիորեն ազդել են հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության վրա ու ավելացրել ադրբեջանական բռնության հավանականությունը Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ։