«Մաքսակետերը սկսել են գործարարների հետ աշխատել շատ ավելի ազատական ռեժիմով». Արսեն Ղազարյան
Հայաստանի մաքսակետերը սկսել են գործարարների հետ աշխատել շատ ավելի ազատական ռեժիմով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ եթե ներկրող գործարարների մոտ փաստաթղթերն ապահովված են՝ փաստաթղթային մաքսային արժեքի ձևակերպումն ու ներկրումներն ազատ են, «մնում է գործարարների խիզախությունը»:
Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ նախկինում գործարարներն ազատորեն չէին կարողանում իրականացնել իրենց գործունեությունը, Ղազարյանը պատասխանեց. «Չենք կարող ասել, թե նախկինում չէին կարողանում: Նախկինում վարչարարությունն ավելի խիստ էր, սուբյեկտիվ գործոնը մեծ էր և բարդ: Այսօր ավելի ազատականացվել է»:
Անդրադառնալով մաքսատներում «հսկիչ գին» կիրառելուն՝ Արսեն Ղազարյանն ասաց, որ դրա մեթոդաբանական սկզբունքը պետք է կիրառել, որովհետև ունենք անբարեխիղճ գործարարներ, կան երկրներ, որտեղից նրանք ցանկացած փաստաթուղթ կարող են ստանալ: «Եվ եթե գործարարի նկատմամբ անվստահություն կա, հսկիչ գին կիրառելը, որպես վերջին մեթոդ, անհրաժեշտ է: Դա հնարավոր չէ վերացնել, բայց այն հանգամանքը, որ այսօր եվրոպական շուկայից ներկրման դեպքում՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք են մաքսային դեկլարացիան, օրիգինալ ինվոյսները, արագ ստանում են: Իրավիճակը զգալիորեն փոխվել է»,- ասաց Ղազարյանը՝ կարևորելով հայտարարագրված մաքսային արժեքի ընդունումը: Նրա խոսքով՝ հսկիչ գինը պետք է կիրառվի միայն այն դեպքում, երբ չկան փաստաթղթեր, երբ արժեքի ձևակերպման առումով անորոշություն է: