«2019 թ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը». Սերժ Սարգսյան
Էներգետիկայի բնագավառը, լինելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել: Էներգետիկայի ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի և անխափան ծառայությունների մատուցմանը: Այս մասին հունվարի 25-ին Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2017» մ իջոցառումների շրջանակներում անցկացվող համաժողովի բացմանը ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոլտ ենթակայանները:
«Բացի այդ, այս բնագավառում շարունակական և հետևողական աշխատանք է տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ»,- նշեց ՀՀ նախագահը:
Նա հավելեց, որ էներգետիկ ոլորտում Հայաստանը տարածաշրջանում սերտ համագործակցություն ունի Իրանի և Վրաստանի հետ:
«2019 թ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերը թույլ կտան իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր և փոխանակումներ, ինչպես նաև առևտրային այլ գործարքներ»,- նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության և ԵԱՏՄ-ի միջև: Այդ հանգամանքը, ըստ Ս. Սարգսյանի, լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ ինչպես տեղական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից: