««Ծառուկյան» դաշինքը հանդես է գալու՝ որպես ընդդիմություն, որ կարողանա իր վրա վերցնել այն բողոքային ընտրազանգվածը, որը կա». Քաղաքագետ
«Մենք գտնվում ենք այն իրավիճակում, երբ ձևավորվում է երկբևեռացված կուսակցական համակարգ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։
Նրա խոսով՝ կարծես թե կա երկու հիմնական բևեռ՝ իշխանական և ընդդիմադիր դաշտում, և իրենց շուրջ կարող են ի հայտ գալ ավելի փոքր կուսակցություններ. «Մենք մի կողմից՝ ունենք «Հանրապետական» կուսակցությունը, որը հանդես է գալիս՝ որպես իշխանակենտրոն ուժ, մյուս կողմից` գուցե ձևավորվող նոր դաշինքը, որի հիմքում ընկած է լինելու ԲՀԿ-ն և դրա շուրջ՝ ինչ-որ քաղաքական միավորումներ։ Դրան զուգահեռ՝ մենք ունենք այլ քաղաքական ուժեր, որոնք ունեն ընտրության հնարավորություն՝ այս կամ այն ուժին միանալու, չմիանալու, առանձին հանդես գալու կամ չգալու համար, կլինեն նաև առանձին դերակատարողներ, որոնք չեն ունենա հնարավորություն և ցանկություն միավորվելու հիմնական դաշինքների հետ և հանդես կգան՝ որպես առանձին քաղաքական ուժեր»։
Ա. Մարկարովը կարծում է՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձը բացարձակապես փոխեց այն ներուժը, որն ունի ԲՀԿ-ն. «ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանով և առանց Գագիկ Ծառուկյանի՝ դրանք երկու տարբեր քաղաքական կշիռ ունեցող քաղաքական ուժեր են։ Պարզ է, որ այսօր կուսակցությունը կամ դաշինքը գնում է որոշակի ռեբրենդինգի, երբ կա անունը, որը ճանաչում են, և այս անվան շուրջ ձևավորվելու է որոշակի միավորում։ Փորձելու են ստեղծել կառուցողական ընդդիմություն, որը հանդես է գալու որպես ընդդիմություն, որ կարողանա իր վրա վերցնել այն բողոքային ընտրազանգվածը, որը, բնականաբար, կա Հայաստանում։ Գուցե դա ռադիկալ ընտրազանգվածը չէ, ռադիկալը կարող է գնալ դեպի այլ քաղաքական ուժեր»։
Խոսելով Սեյրան Օհանյանի, Վարդան Օսկանյանի, Արամ Սարգսյանի դաշինքի մասին՝ Ա. Մարկարովն ասաց, որ խոսքը գնում է այն կառույցի մասին, որն ունի լավ հայտնի անուններ, բայց «չերևացող» կառույց է. «Այսինքն՝ կուսակցությունը միայն մեկ-երկու ղեկավարները չեն, կուսակցությունը սովորաբար նաև կառույցն է, որը գործում է ամբողջ պետության տարածքում և ունի իր մարդկային, ֆինանսական և ծրագրային ռեսուրսը։ Մենք դա առայժմ չենք տեսնում»։
Հարցին, թե ընտրություններին միայնակ գնացող կուսակցությունները կկարողանա՞ն հաղթահարել շեմը՝ Ա. Մարկարովն այսպես պատասխանեց. «Եթե խոսում ենք ՀՅԴ-ի և «Հայկական վերածնունդի» մասին, նրանք այն քաղաքական ուժերն են, որոնք ունեն ընտրազանգված։ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր ընտրազանգվածը, արդյոք այս կորիզային ընտրազանգվածը՝ գումարած հաջողակ ընտրարշավը, բավարա՞ր են լինելու հաղթահարելու շեմը, դա այն հարցն է, որի պատասխանը մենք այժմ հստակ չենք կարող ներկայացնել։ Բայց, միանշանակորեն, կարող ենք ասել, որ ավելի հավանական է, որ տվյալ քաղաքական ուժերն առանձին ձևով հանդես են գալու ընտրարշավի ժամանակ և պայքարելու են իրենց ներկայության համար»։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե հավանակա՞ն է, որ «Հայկական վերածնունդը» կոալիցիա կազմի ՀՀԿ-ի հետ՝ քաղաքագետը պատասխանեց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի ցուցանիշ կունենա ՀՀԿ-ն. «Եթե նրանք կարողանան ձեռք բերել բացարձակ մեծամասնություն, որը բավարար է լինելու կառավարության ձևավորման համար, կոալիցիայի ձևավորման հավանականությունը նվազում է։ Ինչ վերաբերում է «Հայկական վերածնունդի» քաղաքական դիրքորոշումներին, այստեղ առկա է մեկ արտահայտությունը, որը երեկ ներկայացրել է կուսակցության ղեկավարը, որ կուսակցությունները պայքարում են ոչ թե՝ ընդդիմության մեջ լինելու համար, այլ՝ իշխանության մեջ լինելու համար»։
Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա Ա. Մարկարովն ասաց, որ «Ժառանգությունն» արդեն պետք է հանդես գա՝ որպես քաղաքական ուժ, որը կփորձի գտնել այն քաղաքական դաշնակցին, ում հետ նրանք կարող են փորձել միավորել ուժերը՝ մուտք գործելու համար խորհրդարան՝ ունենալով նաև որոշակի ծրագրային նմանություններ։ Ըստ քաղաքագետի՝ դա կարող է լինել «Ելք» դաշինքը. «Միավորվելով այս կամ այն դաշինքին՝ ավելի է բարձրացնելու հավանականությունն իրենց քաղաքական կյանքի շարունակությանը, քան չմիավորվելու դեպքում»։
Հարցին՝ արդյոք այս ընտրություններին կրկին ականատես կլինե՞նք ՀԱԿ-ի պառակտմանը, Ա. Մարկարովն այսպես պատասխանեց. «ՀԱԿ-ը ոչ թե մեկ կառույց է, այլ մի քանի կազմակերություններից կազմված խումբ։ Տվյալ պարագայում ենթադրությունները երկուսն են. եթե ՀԱԿ-ը հաշվարկելու է, որ իրենք առանձին կկարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, նրանք կարող են մասնակցել, բայց տեսականորեն նրանք կարող են գուցե մտնել «Ծառուկյան դաշինքի» մեջ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։