«Գագիկ Ծառուկյանը դառնում է Սերժ Սարգսյանի երկրորդ երաշխավորը». Վիգեն Խաչատրյան

«Խորհրդարանական համակարգին անցնելու հնարքը, որը կիրառվեց, ոչ թե նրա համար էր, որ Հայաստանում ավելի արդյունավետ պետական համակարգ գործի, այլ որպեսզի  վերարտադրվի Սերժ Սարգսյանի իշխանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ եթե խորհրդարանական համակարգն այդքան լավ բան էր, նախագահը պետք է վայր դներ իր լիազորությունները, ու ասվեր՝ «այս խորհրդարանն է իշխանությունը». «Բոլորը հասկանում են, որ որևէ ռեալ իշխանություն այս խորհրդարանը չի ունենալու, իշխանությունը մնալու է Սերժ Սարգսյանինը։ 25 տարի ուժեղացնելով իշխանությունը՝ եկանք նրան, որ ունեցանք մի մարդու իշխանություն, դա Սերժ Սարգսյանն է, մյուսները խամաճիկներ են, քաղաքական դերակատարումը վերացավ Հայաստանում, իշխանության դերակատարումն այն աստիճանի ուժեղացավ, որ անցավ մի մարդու։ Որակական փոփոխություն այս ընտրություններում մենք չենք ստանա, և վստահության մթնոլորտ չի առաջանա»։

Վ. Խաչատրյանը համոզված է, որ ընտրությունները ոչինչ չեն փոխելու, ունենալու ենք այն, ինչ ունենք՝ ավելի լճացած, ավելի վատ տարբերակով. «Գագիկ Ծառուկյանին նվաստացրած վիճակում հեռացրեցին, որովհետև նա հանդգնեց հայտարարել, որ թույլ չի տա սահմանադրական հանրաքվեն։ Նրան նվաստացրեցին, հեռացրեցին, հիմա էլ հրավիրեցին, որովհետև, եթե հանկարծ չանի, ու մարդիկ ոգևորվեն և հանկարծ դաշինքներ կազմեն, ցանկացած կոնգլոմերատ հայտարարի, որ՝ «ես գալիս եմ, որ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չունենա», այդ դաշինքը հաջողության կհասնի, իսկ Գագիկ Ծառուկյանի դեպքում դա բացառվում է, նա դառնում է Սերժ Սարգսյանի երկրորդ երաշխավորը, որ չի լինի իշխանափոխություն»։

Վ. Խաչատրյանի համար միակ ռեալ քաղաքական ուժը, որը խոսում է արժեքային համակարգի փոփոխության մասին, «Ելք» դաշինքն է. «Մյուսները խոսում են համակարգային փոփոխություններից։ Մենք «Ելք» դաշինքում ենք տեսնում Հայաստանի նոր սերունդը, վստահ  եմ, որ նրանք հաջողության չեն հասնի, համոզված եմ, որ բավարար փորձառություն չունեն պետություն ղեկավարելու, բայց ռեալ նոր սերունդ է երևում, ու, եթե համեմատեք մյուս դաշինքների հետ, այնտեղ լիդերների կողքին տեսնում ես ձևավորված քաղաքացիներ՝ անփորձ, բայց նա է այն սերունդը, որ գալու է փոխի Հայաստանը, սերնդափոխության սկիզբ է սկսվում Հայաստանում։ Իհարկե, նրանք իդեալական չեն, բայց մյուս ուժերում մենք տեսնում ենք երիտասարդներ, որոնք ծերից ծեր են, տարիքից շուտ փտած, ծանրացած, ամեն ինչը ճիշտ գիտեն, ոչ մի բանում չեն սխալվում, զզվելի է դա»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս