Բաժիններ՝

«Թրամփը կարող է խաղաղության Նոբելյան մրցանակի արժանանալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում». Washington Times

Հեղինակավոր Washington Times-ում Caspian Group Holdings-ի գործադիր տնօրեն Ռոբ Սոբհանին հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնալով ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու փաստին, գրում է, թե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի իսկապես արժանանալու խաղաղության Նոբելյան հեղինակավոր մրցանակի, եթե կարողանա օգտագործել իր՝ գործարքներ կնքելու վարպետությունը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենաբարդ լուծելի հակամարտություններից մեկի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը «սառեցված» է համարվում, որ երկու երկրների միջև լայնամասշտաբ պատերազմը ծագել է 1991-ին, որը ավարտվել է 1994թ. հրադադարի մասին պայմանագրով և չնայած դրան՝ սահմանային բախումները շարունակվել են: Հոդվածագիրը գրում է, թե ավելի քան 1 մլն մարդ է հեռացել իր բնակավայրերից։

Թրամփի ու ազգային անվտանգության հարցերով նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ցույց կտա, թե արդյո՞ք ցանկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լինել Միացյալ Նահանգների գործընկերը միջազգային հարթակում՝ լուծելու հակամարտությունները, թե՞ նա նախընտրում է մանիպուլացնել բռնկման գլոբալ կետերը՝ Մոսկվայի համար օգուտ քաղելու նպատակով։

«Պարոն Պուտինն այս հակամարտության լուծման բանալին իր ձեռքում է պահում, քանի որ ահռելի լծակներ ունի Հայաստանի վրա։ Մոսկվան Հայաստանին դիտարկում է որպես իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպյան տարածաշրջանում:

Հայաստանին ու Ադրբեջանին «սառեցված հակամարտության» վիճակում պահելով՝ Պուտինը լուծում է իր կարճաժամկետ խնդիրները՝ խոչընդոտելով, որ Ադրբեջանի բնական գազն արտահանվի եվրոպական շուկաներ, ընդ որում, Եվրոպան կախվածության մեջ է պահում ռուսական գազից»,- գրում է հոդվածագիրը։

Պնդելով Ամերիկայի գործընկեր Ադրբեջանի և Մոսկվայի դաշնակից Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը՝ նախագահ Թրամփը կարող է շատ շուտ հասկանալ՝ արդյո՞ք Պուտինը խաղաղարար է, թե՞, ինչպես պնդում են քննադատները, ապակայունացնում է ուժերը ողջ աշխարհում։

«Միացյալ Նահանգները, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի առաջ դրված է լուծել ԼՂ հակամարտությունը։ Ռուսաստանը ոչ միայն ձախողել է հակամարտության կարգավորման բազմաթիվ փորձերը, այլև ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ այդկերպ երկարաձգելով հակամարտությունը։
Ցավոք, Վաշինգտոնը շատ զբաղված էր Մերձավոր Արևելքով, որպեսզի կարևոր դերակատարում ստանձներ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղություն հաստատելու գործում, իսկ երկու երկրները արժանի են երկարաժամկետ խաղաղության»,- գրում է Սոբհանին` նշելով, որ Թրամփը կարող է սկսել հուսալի դիվանագիտական նախաձեռնություն՝ գտնելու հակամարտության վերջնական լուծումը երկու կողմերի համար։

«Պարոն Թրամփի հաջողությունն ազդանշան կլինի ողջ աշխարհին, որ Ամերկյան նորից վերագտնում է գլոբալ կայունությունը պահպանելու դիրքերը»,- գրում է նա` ընդգծելով, թե դրանով իսկ Թրամփը հստակ ազդանշան կուղարկի աշխարհի «վատ խաղացողներին», այդ թվում Իրանին, որ կաջակցի իր դաշնակից Ադրբեջանին և թույլ չի տա այաթոլլաներին ապակայունացնել իր հուսալի ամերիկյան դաշնակցին։

«Մարտահրավերը, որը ծառացած է Թրամփի առաջ, Պուտինին համոզելն է ընդունել խաղաղ համաձայնագրի ծրագիրը, այն է՝ անմիջապես ու առանց նախապայմանների հանել հայկական զինված ուժերը ադրբեջանական օկուպացված տարածքներից, երկրորդ՝ Ադրբեջանը գազ է արտահանում Եվրոպա Հայաստանի տարածքով, երրորդ, երկու կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, իսկ ամերիկյան, ֆրանսիական և ռուսական ուժերը պետք է տեղակայվեն Ղարաբաղում՝ որպես խաղաղապահներ»,- ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը գրում է, որ պետք է ստեղծվի «Հայաստան-Ադրբեջան հաշտեցման հիմնադրամ», որը ներդրումներ կանի երկու երկրների միջև ենթակառուցվածքային նախագծերում, օրինակ՝ գնացքը Հայաստանի տարածքով Ադրբեջանին կմիացնի Նախիջևանի հետ։

Սոբհանին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, և մնում է՝ Թրամփը համոզի Պուտինին, որն էլ իր հերթին կստիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հակամարտության այդպիսի կարգավորում:
Հաշվի անելով Հայաստանի ողբերգական անցյալը՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է հասկացնեն Հայաստանի ժողովրդին, որ չեն հիասթափեցնի Երևանին։

«Պարոն Թրամփը կարող է ճանապարհային քարտեզ ներկայացնել պարոն Պուտինին, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է բոլորի շահերից։
Հանդես գալով որպես ազատ աշխարհի առաջնորդ՝ Թրամփը կարող է խաղաղության պարգև շնորհել Հայաստանին ու Ադրբեջանին և ստանալ վաստակած խաղաղության Նոբելյան մրցանակը»,- գրում է հոդվածագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս