Բաժիններ՝

«2015 թվականին Հայաստանում պաշտպանվել է 43 դոկտորական աստիճան, իսկ 2016 թվականին՝ 34». Ատոմ Մխիթարյան

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ շրջանառության մեջ է դրվել Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը, որը եկել է փոխարինելու նախկին՝ Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքին:

«Եթե նախկինում մենք ունեինք բարձրագույն կրթություն և հետբուհական մասնագիտացում, ապա Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծով՝ երրրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ՝ որպես երրորդ աստիճան: Գիտական առաջին աստիճանը շնորհվում է, երբ ավարտում եք բարձրագույն կրթության երրորդ աստիճանը: Գիտական երկրորդ աստիճանը բարձրագույն կրթության հետ էական կապ չունի, այն վերաբերում է գիտությանը: Եվրոպական շատ երկրներում էլ կա գիտական երկրորդ աստիճանը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ օրենքի նախագիծը ներկայացված է կառավարություն:

Նա նաև հավելեց, որ հիմա Հայաստանում կա գիտությունների դոկտորի աստիճան և գիտությունների թեկնածուի աստիճան. «Եթե սովորական դոկտորականին գնում եք պաշտպանության՝ ունենալով 20 գիտական հոդված, ապա առանց ատենախոսություն գրելու կարող եք դոկտորի աստիճան ստանալ, եթե ունեք 50 գիտական հոդված»:

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանն էլ հավելեց, որ այստեղ առաջին գիտական աստիճանը որակավորման խնդիրն է լուծում, այդ աստիճանն ունեցողը համարվում է գիտական, իսկ երկրորդ գիտական աստիճանը նպատակ ունի խրախուսել ֆունդամենտալ հետազոտությունները: «Դոկտորականի համար մարդը տասնյակ տարիներ կարող է աշխատել և արդյունքում ունենալ խոշոր տեսություն, ինչն ամենևին չի նշանակում, որ այդ որակը կա մեզ մոտ: Մեզ մոտ որակը սարսափելի ցածր է: Երկրորդ աստիճանը շատ երկրներում պաշտպանելով են տալիս, ու լուրջ հանձնաժողով է քննում նրանց աշխատանքը:  Գիտությունների թեկնածու արտահայտությունը մի քիչ սխալ է, պետք է միայն գիտության դոկտոր լինի: Ավելի ճիշտ կլինի՝ անունը դարձնել PHD, թեկնածուականի ծավալը մեծացնել, իսկ երկրորդ թեզը պահպանել այլ եղանակով: Բայց մի աստիճան սարքել ու բոլոր թեկնածուներին դարձնել դոկտոր, սխալ է, նրանց մեծ մասը գիտության հետ կապ չունի»:

Ատոմ Մխիթարյանը նաև հավելեց, որ 2015 թվականին Հայաստանում պաշտպանվել է 43 դոկտորական աստիճան, իսկ 2016 թվականին՝ 34. «Այս թիվը գնալով նվազում է, որովհետև 2014 թվականին այդ թիվը 50 էր, իսկ դրանից առաջ՝ ավելի շատ: Պաշտպանությունները խստացվել են, և պաշտպանող գիտության թեկնածուների թիվը ևս պակասում է: Այն դիսերտացիաները, որոնք պաշտպանվում են մասնագիտական խորհրդում և գալիս են Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ հաստատվելու, դրանց շուրջ 17 %-ը չի հաստատվում: Դա կապված է նրա հետ, որ կամ որակն է շատ ցածր, կամ բարձրագույն որակավորման հանձնաժողովն արտագրություններ է գտնում: Եթե նույնիսկ 1 էջ արտագրություն է հայտնաբերվում ատենախոսության մեջ, այն միանգամից մերժվում է»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս