«Վրաստանի և «Գազպրոմի» միջև պայմանագիրը պարիտետային չէ». վրացի փորձագետ Լադո Պապավա
Վրացի փորձագետ Լադո Պապավան «Կվիրիս պալիտրա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Վրաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև Հայաստան գազի տարանցման վերաբերյալ կնքված պայմանագրին ու հայտարարել, որ ներկայիս պայմանագիրը նախորդներից ավելի վատն է։
«Ամենագլխավորը, որ պետք է հիշենք, Մոսկվայի հայտարարությունն է, որ էներգետիկան ընդհանուր առմամբ և «Գազպրոմը» մասնավորապես, իր հարևանների վրա տնտեսական ճնշման զենք է։ Իրավիճակն այսպիսին է՝ անցած պայմանագրով Հայաստան գազի տարանցման դիմաց մեզ բաժին էր հասնում գազի 10%-ը, ինչը շահավետ էր Վրաստանին։
Մեր էներգահաշվեկշռում այդ 10%-ը կարևոր ծավալ էր, որի դիմաց մենք չէինք վճարում։ Ներկայումս, երբ խոսքը դրամական վճարման մասին է, դա նշանակում է, որ «Գազպրոմը» կվճարի մեզ տարանցվող գազի 10%-ի դիմաց, սակայն այդ գումարով մենք չենք կարողանա գնել նախորդ ծավալով գազ»,- հայտարարել է Լադո Պապավան։
«Բանն այն է, որ Ռուսաստանը մի քանի անգամ նվազեցրել է գազի գինը Հայաստանի համար։ 2006թ. «Գազպրոմը» նախազգուշացրեց Հայաստանին և Վրաստանին, որ 2007-ից գազի արժեքը զգալի կավելանա։
Մասնավորապես, 1000 խմ գազի գինը 110 դոլարից պետք է կազմի 230 դոլար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երկու երկրներին առաջարկել է, որ եթե չեն ցանկանում գազ ստանալ նախկին սակագնով, պետք է գազաբաշխիչ ցանցը փոխանցեն «Գազպրոմի» սեփականությանը։ Հենց այդ ժամանակ «Գազպրոմն» ստացավ Հայաստանի գազաբաշխիչ ցանցը։ Վրաստանը չհամաձայնեց նման պայմանին։ Արդյունքում՝ Հայաստանն օգտվում է ցածր սակագնից։ Եթե դու ստանում ես ցածր սակագնով վճարված գումարի 10 տոկոսը, բնականաբար, չես կարող այդ գումարով գնել տարանցվող գազի 10 տոկոսը։ Դա նոր պայմանների տնտեսական կողմն է»,- ասել է նա։
Փորձագետի խոսքով՝ ինքը կիսում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի կարծիքը, թե այդ պայմանագիրը պետք չէ ընկալել որպես «տոն»։