«Ես պատրաստ եմ համագործակցել նրանց հետ, ովքեր կընդունեն իմ քաղաքական կուրսը». Տիգրան Ուրիխանյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ համագործակցություն որևէ ուժի հետ այս պահին չկա.
«Զրույցներ ու խոսակցություններ եղել են բոլորի հետ: Ես պատրաստ եմ համագործակցել նրանց հետ, ովքեր կընդունեն իմ քաղաքական կուրսը: Կան ուժեր, որոնց հետ համագործակցությունը բացառում եմ, դա վերաբերում է հիմնականում ֆիզիկական անձանց: Խորհրդարանում 131-ից առնվազն 70-ը չեն կիսում իմ տեսակետները»:
Նա նշեց, որ դրական գնահատական ունի Սեյրան Օհանյանի անձի վերաբերյալ, բայց իր կողմից նախաձեռնվող քաղաքական ձևաչափի մասին, Ուրիխանյանի խոսքով՝ մինչ օրս որևէ մեկը տեղեկություն չունի.
«Կա անձ, ի՞նչ ձևով է այդ անձը մտնելու քաղաքական դաշտ, ո՞ւմ հետ է գնալու, ովքե՞ր են այդ միավորները, որոնք ձևավորելու են այդ դաշինքը: Քաղաքականության մեջ հայտնի չէ այն գործողությունների պլանը, որ պետք է իրականացնեն, և երկրորդ՝ ովքե՞ր են իրենք: «Համախմբում» կուսակցության մեջ կան պետության համար լուրջ պիտանի լինելու կարողություն ունեցող մարդիկ, բայց քաղաքական կուրսն է անհրաժեշտություն այստեղ: Ես չեմ համագործակցելու ոչ ոքի հետ, չեմ լինելու որևէ դաշինքում, որն իմ թվարկած քայլերն ու գործողությունները չի իրականացնելու: Լավ մարդիկ են մեծ մասը, բայց թե ի՞նչ միավորներ են ձևավորելու, այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի»:
Հարցին՝ «ԵԼՔ» դաշինքի («Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն») հետ համագործակցության եզրեր տեսնո՞ւմ է, նա այսպես պատասխանեց.
««ԵԼՔ»-ի առանցքային երկու կուսակցությունների ղեկավարներին բազմիցս առաջարկել եմ մեր քաղաքական աջակցությունը, բայց զրույցները չեն շարունակվել»:
Տ. Ուրիխանյանը նաև հավելեց, որ հրաժարվել է «Ալյանսի» նախագահի պաշտոնից, որովհետև իր պաշտոնավարման ժամանակահատվածում կուսակցությունը չկարողացավ իրականացնել իր առջև դրված առանցքային խնդիրներից ամենակարևորը՝ ՏԻՄ ընտրությունները: