Բաժիններ՝

«Երեխաների մոտ շատ արդիական դարձած կախվածությունները կապված են համակարգչի կիրառության հետ». հոգեբան

Սոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը և Մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Լիլիթ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին կախվածություններից:

Ե՞րբ է սովորությունը դառնում կախվածություն: Հարցի պատասխանը պարզելու համար Սոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը մասնագիտական մեկնաբանությամբ ահազանգում է.

«Վերջին ժամանակաշրջանում կախվածությունների թիվը հասարակության տարբեր շրջաններում բավական աճ է գրանցել: Կախվածությունները, որպես այդպիսին, լինում են մի քանի հիմնական տեսակների. ամենատարածվածներն են ՝ փսիխոակտիվ նյութերից ունեցած կախվածությունը, խաղային, համակարգչային, սննդային կախվածությունները: Կարող ենք տարբերել նաև, այսպես ասած, անձնային կախվածություններ, երբ մարդը կախվածության մեջ է ընկնում որևէ տեսակի հարաբերությունից՝ սիրային կամ բարեկամական կապերի արդյունք»:

«Յուրաքանչյուր կախվածության հիմքում պարտադիր կերպով առկա է հոգեբանական խնդիր»,- նկատում է Լիլիթ Բաղդասարյանը.

«Դրանք ձևավորվում են բավականին հեշտ ու մարդու համար աննկատ, բայց հաղթահարվում չափազանց դժվար: Կախվածության հոգեբանական պատճառներն էլ, իրենց հերթին՝ մի քանիսն են՝ առկա չլուծված բարդ խնդիրների մեծ քանակության պատճառով՝ փախուստը իրականությունից: Խաղային կախվածության դեպքում մարդը փնտրում է իր խնդիրների արագ լուծումը՝ հույս ունենալով միանգամից հարստանալու, մեծ գումարներ ձեռք բերելու և դրանով իսկ լուծելու իր առջև ծառացած խնդիրները: Համակարգչային կախվածության դեպքում մարդը կարծես իր համար ստեղծում է օնլայն, սուբյեկտիվ աշխարհ, որտեղ ինքն իրեն ավելի լավ է զգում, քան ռեալ իրականության մեջ»:

Ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ արդեն իսկ գործ ունենք կախվածության հետ: Մասնագետի հավաստմամբ՝ առաջին ախտանշաններից է՝ անձի աստիճանաբար մարող առօրյա հետաքրքրությունները, որը մինչ այդ կարող էր ընդգծված կերպով մոտիվացնել մարդուն: Այս հոգեվիճակում, կարելի է ասել, որ մարդն իր առջև այլևս ոչ մի նպատակ չի դնում՝ ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնելով այդ կախվածության ձևին, որն ինքը ընտրել է: Հիմնական ահազանգող նշաններից է նաև սոցիալական ադապտացիայի նվազումը, երբ մարդը չի կարողանում նախկինի պես ակտիվ շփվել իրեն շրջապատող մարդկանց հետ՝ աստիճանաբար կորցնելով ընկերական կամ հարազատական կապերը:

Մանկավարժական համալսարանի դասախոս, հոգեբան Լիլիթ Կարապետյանն անդրադարձ կատարեց մանկական կախվածություններին.

«Երեխաների մոտ շատ արդիական դարձած կախվածությունները կապված են համակարգչի կիրառության հետ: Սա ընդգրկում է խաղերից և ինտերնետից և հեռուստատեսային մուլտֆիլմերից ունեցած կախվածությունը: Երեխաները, դեռևս չձևավորված հոգեկան ներաշխարհով, մուտք են գործում մի աշխարհ, որ իրականությունից բոլորովին այլ է, և հիմնականում այստեղ պետք է դիտարկել ծնողների գործոնը, որովհետև նրանք են ստեղծում այն պայմանները, որի արդյունքում երեխաները՝ թողած իրական կյանքը, տարվում են վիրտուալ աշխարհի թակարդով՝ որոշ դեպքերում նրանց ժամանակի սղության և երեխաների հետ, մեծ իմաստով, չշփվելու արդյունքում»:

Ասուլիսի երկու բանախոսները խորհուրդ են տալիս՝ ցանկացած տեսակի կախվածություններ նկատելու դեպքում չփորձել ինքնաբուժության տարբերակների կիրառումը, այլ անպայման դիմել մասնագետ հոգեբանների օգնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս