«Մենք դեռ պետք է համոզվենք` նրանց նպատակն իրո՞ք իշխանափոխությունն է». Վիգեն Խաչատրյան

Մեր զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը

– Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` դաշինքների ձևավորման մրցավազք է սկսվել, ի՞նչ են հուշում նախընտրական այս գործընթացները։

– Դաշինքների ձևավորումը դրական է, որովհետև ինչքան ուժերը կենտրոնացվեն, այնքան ավելի արդյունավետ կլինի քարոզչական աշխատանքը, ու ավելի տրամաբանական կլինի ընտրողների կողմնորոշման հարցերում ըստ նախապատվության քվեարկություն կազմակերպելը։

– Ընդդիմադիր դաշտում արդեն մի քանի բևեռ կա` «Ելք», «Համախմբում»-«Երրորդ հանրապետություն»-ՀԴԿ, Ծառուկյան դաշինքները։ Ինչպիսի՞ն կլինի ընտրողների վերաբերմունքը դաշինքներին։

– Դա կախված է, թե նրանք ինչ նպատակներ առաջ կքաշեն, այսինքն` բնական է, պետք է ինչ-որ մի փուլում հայտարարեն, թե ընտրւթյուններում իրենց նպատակը որն է։ Եթե հետևենք Վարդան Օսականյանի խոսքերին, նա պնդում է, որ նպատակն իշխանափոխությունն է։ Նույն բանն ասում է «Ելքը»։ Թե ինչ կասի Ծառուկյանը` դեռ չգիտենք, որովհետև կոնկրետ հարցադրում նրանց կողմից առայժմ չի եղել։ Ժամանակը շատ չէ, շուտով հստակեցում կմտցվի այդ առումով, թե ինչ են հայտարարում։ Իսկ թե որքանով կյանքի կկոչվեն հայտարարված խնդիրները, դա էլ ժամանակը ցույց կտա։

Բայց բոլոր դեպքերում, եթե դաշինքներ են ձևավորվում, և խոսքը գնում է իշխանափոխության մասին, ապա այդ ժամանակ դաշինքները պետք է հայտարարեն, թե ով է վարչապետի իրենց թեկնածուն, որովհետև, ըստ էության, խորհրդարանական համակարգի ենք անցնում, և պետք է անպայման մի բան հստակ շեշտվի` ում են տեսնում գործադիր իշխանության գլուխ։ Եթե դա չասվի, բավարար չափով վստահություն չեն ունենա։

– Ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող անձանցից շատերը նախկինում իշխանության անդամ են եղել, իսկ այժմ դեմ են խոսում իշխանությանը։ Սա որքանո՞վ է արդյունավետ միջոց` ընտրողներին գրավելու, մարդիկ կհավատա՞ն։

– Չեմ կարող ասել, իրենք պետք է մտածեն, բայց նրանք, կարծես, համոզված են, որ հասարակության մեծամասնությունը պահանջում է իշխանափոխություն։ Երբ մարդիկ խոսում են բացթողումներից, որ երկիրը ծանր վիճակում է, տնտեսությունը կաթվածահար է, արտագաղթը մեծ է, տնտեսական, քաղաքական, հասարակական զարգացումների հիմնական բացերն են շեշտում, և, եթե չեն մատնանշում, թե ով է դրա մեղավորը, կամ ում վատ աշխատանքի կամ ինչի հետևանքն է դա, դժվար կլինի նրանց հավատալը, որովհետև անհասցե քննադատությունը իրավիճակի քողարկման մի ձև է։

– Ընդհանրապես մրցապայքարը թե՞ժ է լինելու։

– Ես կարող եմ ասել, որ այն, ինչ հիմա դիտարկում եմ, անսպասելի էր։ Ես չէի ենթադրում, որ նման բաժանում կլինի։ Եվ բոլոր այն քաղաքագետների, քաղտեխնոլոգների վերլուծությունները, որ այս անգամ դաշինքները կլինեն գաղափարական, կարծես թե չի արդարանում։ Որևէ գաղափարական հիմք նրանք չունեն և չեն էլ ուզում ունենալ, հստակ ասում են, որ նպատակն իշխանափոխությունն է։ Այդ առումով նրանց հարցադրումը կարծես համընկնում է հասարակական պահանջի հետ։

Եվ, իրոք, իշխանափոխության հարցում գաղափարախոսությունը մի քիչ երկրորդ պլան է մղվում, և ցանկացած ուժ, տարբեր գաղափարախոսության տեր մարդիկ կարող են միավորվել, դաշինք կազմել, եթե հիմնավորում են, թե ինչու են իրենք ուզում իշխանափոխությունը։ Այսինքն` ինչ են պատրաստվում անել, իսկ որպեսզի ասեն, թե ինչ են պատրաստվում անել, պետք է ասեն` ով ինչ չի արել։ Այստեղ նրանք մի տեսակ կաշկանդված են իրենց պահում, և սա կասկածների տեղիք կտա հասարակությունում։ Ես կարծում եմ, մենք դեռ պետք է համոզվենք` նրանց նպատակն իրո՞ք իշխանափոխությունն է։

– Կամ իշխանափոխությունից հետո այդ իշխանությունն ինչի՞ն պետք է ծառայեցվի։

– Ես չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց մի բան հստակ է` Հայաստանում որոշակի իշխանության կառուցվածք է փոխվել, և հիմա խորհրդարանական ընտրություններում ով ասում է, որ ձգտում է մեծամասնության, պետք է նաև հայտարարի, թե ով է վարչապետի իր թեկնածուն, այլապես նրանք դրան առանձնապես չեն էլ ձգտում։

– Ձեր կարծիքով` Հանրապետականում ի՞նչ է կատարվում։ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո սպասվում էր, որ նա լինելու է ՀՀԿ ցուցակի առաջին շարքերում, բայց հիմա պարզվում է` նման հնարավորություն չկա։

– Դա առանձնապես նշանակություն չունի, իրենք ասում են, որ Կարապետյանն ամեն դեպքում վարչապետի իրենց թեկնածուն է։

– Մինչև 2018 թ.։

– Բացատրեցին, որ 2018-ից հետո էլ կարող է լինել, որովհետև 2018-ից հետո գործում է 4 տարվա ցենզը, և այդ ժամանակ նա բավարար չափով բնակված կլինի Հայաստանում, ու նման խոչընդոտ չի լինի։ Որպես կանոն` ընտրացուցակի առաջին համարը դիտարկվում է` որպես վարչապետի թեկնածու։ Այս պահին ՀՀԿ-ն անկեղծ է, որ ասում է` եթե անգամ ցուցակում էլ չլինի, իրենց վարչապետի թեկնածուն Կարապետյանն է։ Հիմա մյուսները պետք է ասեն, թե իրենք ում են վարչապետ տեսնում։ Եթե չեն հայտարարում այդ մասին, ենթադրվում է, որ պետք է սատարեն ՀՀԿ վարչապետին։ Դա էլ է քաղաքականություն։

– Ամիսներ առաջ ՀՀԿ-ականներից ոմանք հայտարարում էին, որ ընդդիմությունը շանս չունի հաղթելու այս ընտրություններում։ Համամի՞տ եք, կամ արդյոք ՀՀԿ-ն պատրա՞ստ է իշխանություն հանձնելու։

– Այն ժամանակ հանրապետականներն իրավացի են եղել, որովետև այն ընդդիմությունը, որ կար ասպարեզում, բնավ ի զորու չէր հաղթելու ՀՀԿ-ին, բայց մյուս կողմից` ՀՀԿ-ն քաջ գիտակցում է, որ ինքը ժողովրդի կողմից մերժված քաղաքական ուժ է։ Եթե ձևավորվի լայն դաշինք և հայտարարի, որ նպատակ է դրել ՀՀԿ-ին զրկել իշխանությունից, անկասկած, կհաղթի ընտրություններում, ինչ մեթոդ էլ կիրառի, բայց դա պետք է լինի միասնական լայն ճակատ։ Երեք ճակատով այդ խնդիրը, կարծում եմ, ևս հնարավոր է լուծել, բայց ավելի լավ է` մի ճակատ լինի։

– Բայց տեսակետ կա, որ Գ. Ծառուկյանին հենց ՀՀԿ-ն է նորից քաղաքական դաշտ վերադարձրել ընտրություններն ավելի վերահսկելի դարձնելու ու ցանկալի արդյունք ապահովելու համար։ Ինչպե՞ս վստահել մի գործչի, որը լքել էր պայքարը։

– Նախ` նա պայքարը չի լքել, իրականում նրան ստիպել են հեռանալ, պետք է պարզ խոսել դրա մասին։ Թե ինքն ինչ է ասում, կամ իր մասին ինչ էին ասում, դա երկրորդական է։ Ակնհայտ է, որ ստիպել են, և ակնհայտ է, որ այժմ չեն խոչընդոտում, որովհետև նույն կերպ կարող էին հիմա խոչընդոտել չմտնել։ Հետևաբար` եթե չեն գործուղել, ապա չեն էլ առարկել։

Կարող է հակառակը լինել, բացառված չի, որ նա ինքնակամ է որոշել մտնել քաղաքականություն։ Ես այդ տարբերակը հավանական չեմ համարում, բայց չեմ էլ բացառում։ Բայց դա երկրորդական է։ Հիմա Ծառուկյանը կարող է նախընտրական փուլում ինքնադրսևորվել և նպատակներն անկեղծ հայտարարել։ Եթե նպատակ ունի դառնալ ՀՀԿ-ի վարագույր, իհարկե, նա դա չի խոստովանի։ Եթե նպատակ ունի ՀՀԿ-ին ասպարեզից հանել, դա շատ ակնհայտ կերևա առաջիկա 1-2 ամսում, որովհետև նման նպատակ ունեցող քաղաքական ուժը լրիվ այլ քարոզչություն է վարում։ Նախկինում դաշտում եղած ընդդիմության պարագայում ՀՀԿ-ն կարող էր մտածել, որ ինքն անփոխարինելի է։ Այսօրվա ձևավորվող ընդդիմությունը լրջորեն վտանգի տակ է դնում ՀՀԿ-ի իշխանություն պահելու հնարավորությունը։

Նմանատիպ երևույթ ՀՀ-ում եղել է 1996 թ., երբ մայիսին ընտրություններից 3 ամիս առաջ բոլորը միակարծիք էին, որ Տեր-Պետրոսյանին համարժեք թեկնածու չի կարող ասպարեզ գալ, բայց 8-10 կազմակերպության միությունից հետո այդ թեկնածուն եղավ։ Հիմա նույնն է։ Շատերը չէին ենթադրում, որ նման կոնսոլիդացիա կլինի, բայց մեր աչքի առջև ակնհայտ ձևավորվում է այդ ճակատը, որն իրականում հասարակական պահանջ է։

Տեսանյութեր

Լրահոս