«Բելառուսի դատախազության կողմից Լապշինին Ադրբեջանին հանձնելու որոշում է ընդունվել, որն իրավաչափ չէ». փաստաբան
Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, թե ինչ պատճառներով է ձերբակալվել բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, ինչ իրավական խախտումներ կան նրա գործում և մանրամասնեց, թե ինչ քայլեր կարելի է անել՝ նրան ազատ արձակելու ուղղությամբ:
«2011-2012թթ. ընթացքում Լապշինը եղել է Լեռնային Ղարաբաղում, ապա իր բլոգում արել է որոշակի հայտարարություններ՝ կապված ԼՂՀ ճանաչման հետ: 2016թ. նա այցելում է Բելառուս, որտեղ մուտք է գործում ՌԴ անձնագրով, քանի որ նա, ինչպես Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացի է: Բելառուսում նրան ձերբակալում են այն պատճառաբանությամբ, որ Ադրբեջանը հայտարարել է հետախուզում՝ նրա արարքները որակելով որպես ապօրինի սահմանահատում: Այնուհետև նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ կալանավորում, իսկ Բելառուսի դատախազության կողմից նրան Ադրբեջանին հանձնելու որոշում է ընդունվել»,-ներկայացնելով իրավիճակը՝ փաստաբանն ասաց, որ վերոնշյալ գործողությունները իրավաչափ չեն:
Ըստ նրա՝ Քիշինևյան կոնվենցիայի և Բելառուսի քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով Լապշինի հանդեպ իրականացվել են ոչ իրավաչափ գործողություններ.
«Լապշինը Բելառուսի տարածք մուտք է գործել ՌԴ քաղաքացու կարգավիճակով, իսկ ՌԴ-ի ու Բելառուսի միջև միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագիր կա, ըստ որի՝ Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներն օգտվում են հավասարազոր իրավունքներից ու նրանց իրավունքները չեն կարող նսեմացվել: ՌԴ Սահմանադրությունն էլ արգելում է այլ պետության պահանջով իր քաղաքացիների հանձնումը: Հետևաբար, Բելառուսի դատախազության որոշումը կասկածելի է և իրավունքի տեսանկյունից՝ խնդրահարույց»:
Խոսելով այն քայլերի մասին, որոնք կարելի է անել՝ ի պաշտպանություն Լապշինի, նա ասաց, որ Բելառուսի քրեական դատավարության օերնսդրությունը տալիս է հնարավորություն՝ դատախազության կողմից ընդունված որոշումը ենթարկել դատական ստուգման, այսինքն՝ բողոքարկել դատական կարգով նախ՝ Մինսկի քաղաքային դատարան, այնուհետև՝ իրենց Գերագույն դատարան. «Բացի այդ, այս նախադեպը կարող է հետագայում այլ պետությունների կողմից ևս շարունակվել, և այլ երկրների քաղաքացիներ նույնպես ենթարկվեն հետապնդումների: Լապշինի գործունեությունը կարելի է համարել մասնագիտական, հետևաբար արդյո՞ք այս տեսանկյունից իրավաչափ են ադրբեջանական իշխանությունների գործողությունները»:
Նրա խոսքով՝ ՀՀ-ն այս դատական պրոցեսին մասնակցություն ունենալ չի կարող, դրան կարող են մասնակցել ՌԴ իրավապաշտպանները, փաստաբանները, որովհետև նրանք ունեն այդ հնարավորությունը: