ՔԿՀ-ներում դեռևս արդիական է չգրված օրենքների գերիշխումը
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը 2016թ. մոտ 100 այցելություն է իրականացրել ՀՀ քրեակատարողական հիմնարկներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դիտորդ, իրավաբան Ռոբերտ Ռևազյանը։ Նրա խոսքով՝ ամենաշատ այցելությունները սովորաբար լինում են «Նուբարաշեն» ՔԿՀ` կապված դրա առանձնահատկությունների հետ։
Ըստ նրա՝ ահազանգերի մոտ 37 տոկոսը կապված են եղել բուժսպասարկման հետ, 7 տոկոսն առնչվել է քրեական գործերի ընթացքին, 6 տոկոսը ստացվել է հացադուլի մեջ գտնվող կալանավորներից, եղել են ահազանգեր խցային պայմանների, վաղաժամկետ պայմանական ազատման հետ կապված։ Ռոբերտ Ռևազյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում դեռևս արդիական է չգրված օրենքների գերիշխումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դեռևս առկա է նաև գերբնակեցման խնդիրը, մեծ խնդիրներ կան պայմանական վաղաժամկետ ազատման հետ: Միևնույն ժամանակ, դիտորդն ասաց, որ 2016թ. սկսել են խոչընդոտել դիտորդական խմբի աշխատանքներին: Դրանք առկա են այն դեպքերում, երբ քննիչի կողմից արգելանք է դրվել տեսակցությունների վրա, ընդ որում, դա եղել է այն դեպքերում, երբ քաղաքական ենթատեքստ է եղել:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի պետ Հայկ Քոչինյանն էլ ասաց, որ բուժասպասարկման որակի, կազմակերպման հետ կապված խնդիրներն այլևս արդիական չեն, քանի որ երեկ ՀՀ կառավարությունն ընդունել է հայեցակարգ, որը լուրջ խթան կհանդիսանա հետագա բարեփոխումների համար.
«Այն իր մեջ ներառում է ինչպես բոլոր քրեակատարողական հիմնարկների բուժմասերի և բուժսպասարկման տեխնիկական և մասնագետների որակավորման բարձրացում, հատուկ լիցենզավորում։ Նշվեցին նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետագա ճակատագրի վերաբերյալ հայեցակարգով ներկայացված մոտեցումները, որոնք արդարադատության նախարարի կողմից երկու ուղղությունով նախանշվեցին.Մեկն ընդհանրապես նաև «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելու և ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցներում պահելու, մյուսը՝ վերազինելու և որոշակի խումբ հիվանդությունները սպասարկելու համար։ Ինչևիցե, սրանք վերջնական մոտեցումներ չեն։ Պարզապես կարևոր է արձանագրել, որ հայեցակարգն ընդունվեց կառավարության կողմից և կհանդիսանա լուրջ խթան հետագա բարեփոխումների համար։ Նպատակը մեկն է՝ բարելավել բուժսպասարկման որակը, բարձրացնել բուժսպասարկում տրամադրող անձանց որակավորումը, իրականացնել այնպիսի համալիր միջոցառումներ, որ հնարավոր լինի ապահովել անազատության մեջ գտնվող անձին տրամադրվող նվազագույն համապատասխան բուժսպասարկում»։
Նա նշեց, որ 12 քրեակատարողական հիմնարկում 2016թ. ամբուլատոր ընդունելության դիմել են 87 հազար անգամ, 1200 դեպքում անձինք տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոցներ, ինչը 500-ով ավելի է 2015թ. գրանցված ցուցանիշից։ Մոտ 1200 անգամ իրականացվել է ստացիոնար բուժմիջամտություն։
Անդրադառնալով պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրները բարձրաձայնելուն՝ նա նշեց, որ սա ևս ժամանակավրեպ է. մշակվել է հայեցակարգ, օրենսդրական նախաձեռնության մեծ փաթեթ, որն արմատապես փոխելու է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուցիոնալ համակարգը։ Հայկ Քոչինյանի խոսքով՝ արդարադատության նախարարի հրամանով՝ 12 քրեակատարողական հիմնակներում թույլ է տրվում պահել 5400 անձ, այսօր ունենք անազատության մեջ պահվող 3900 անձ։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ այս թվերը ոչինչ չեն կարող տալ գերբեռնվածությունը գնահատելու համար, քանի որ անազատության մեջ գտնվող անձանց բաշխումն իրականացվում է ըստ համակեցության պայմանների, գերբեռնվածությունն ի հայտ է եկել օրենսդրական չափորոշիչները պահպանելու արդյունքում։
Անդրադառնալով դիտորդական խմբին խոչընդոտելու հայտարարությանը՝ նա նշեց, որ թե քրեակատարողական ծառայությունը, թե նախարարությունը հանդես են եկել պարզաբանմամբ՝ նշելով օրենսդրական հիմքերը, վարչակազմն իրավունք չունի անտեսել օրենքի պահանջը:
Լրագրողի դիտարկմանը, որ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբեռնվածության մասին, Հայկ Քոչինյանն ասաց, որ նախարարը ներկայացրել է թվերը. «Լրակազմով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է 820 անձի համար, սակայն այնտեղ 820-ից ավելի է պահվում, բայց դա չի նշանակում, որ օրենսդրական չափորոշիչների առումով առկա է գերբեռնվածություն»: