ՀՀԿ ԳՄ նիստում կուսակցության ցուցակի առաջին համարի և նախընտրական շտաբի ղեկավարի հարց չի քննարկվել
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ հարցերին նիստի ընթացքում չենք անդրադարձել: Մենք դա կքննարկենք կուսակցության խորհրդի նիստում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:
Կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ԳՄ ներկայացուցիչները կուսակցության ղեկավարին ներկայացրել են իրենց դիտարկումները ընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցության մարտավարության հետ կապված: Անդրադարձ է եղել խորհրդի ապագա նիստին, քննարկվել է խորհրդի թեկնածուների հարցը: