![](/banners/BeFunky-design.jpg)
«Ժառանգություն»-ում տարակարծությունները շարունակվում են. ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/Snimok_640x421-1-1.jpg)
«Ժառանգություն» կուսակցության վարչության նիստն ընդհատվել է, քանի որ վարչության անդամները տարակարծություններ են ունեցել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել է երկրում տիրող քաղաքական վիճակը և այն հարցը, թե ինչ կարող է առաջարկել կուսակցությունը:
Անդրադառնալով ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հարցին` Փոստանջյանն ընդգծեց, որ ինքն անձամբ պատրաստ չէ դաշինքով մասնակցել: Նա ընդգծեց, որ կուսակցությունում ունի կողմնակիցներ, իսկ թե ինչ որոշում կկայացվի, ցույց կտա ժամանակը: Պատգամավորը չբացառեց, որ համաձայնության չգալու դեպքում կուսակցությունը կարող է ընդհանրապես ընտրություններին չմասնակցել:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց , որ ընտրություններին դաշինքով մասնակցելու նախապատվություն կա, բայց որոշումը վերջնական չէ: Նրա խոսքով` ցանկացած հնարավորություն մնում է՝ ինչպես դաշինքով մասնակցելը, այնպես էլ առանձին ցուցակով:
Դաշինքով մասնակցելու համար կա որոշակի նախապատվություն, բայց այն կարող է վերջնական դառնալ, եթե գործընկերների հետ գան որոշակի համախոհության:
Նա հավելեց, որ քննարկումները դեռ շարունակվում են և վերջնական որոշում ունենալու դեպքում այդ մասին տեղյակ կպահեն հանրությանը: