Բաժիններ՝

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը

Հունվարի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ: 

Անդրադառնալով նախորդ տարվա արդյունքներին և կանխանշելով 2017 թվականի գործունեության հիմնական ուղղությունները՝ ոստիկանության պետն ընդգծեց բարեփոխումների ծրագրի իրականացման առաջնահերթությունը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը (ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2016թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների մասին տեղեկանքը՝ այստեղ): 

Հունան Պողոսյանը նշեց, որ հանցագործությունների ընդհանուր թվաքանակը, գլխավորապես պայմանավորված ՀՀ քր. օր.-ի 327 հոդվածով նախատեսված դեպքերը ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում 01.01.2016թ.-ից հաշվառելու հանգամանքով, աճել է 10,1%-ով: Ընդ որում, աճի շուրջ 80,0%-ը կազմում են հենց այդ դեպքերը, իսկ մնացածը պայմանավորված է առավել լատենտային համարվող ապօրինի պահվող զենք-զինամթերքի և թմրամիջոցների հետ կապված հանցագործության դեպքերի հայտնաբերման թվի աճով: 

Հանցագործությունների բացահայտման արդյունավետությունն աճել է ընդհանուր՝ 2,8%-ով, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 7,5%-ով և ծանր հանցագործություններով՝ 6,3%-ով (47,9%-ից 54,2%):

2016թ.-ի ընթացքում արձանագրված 66 սպանության դեպքերից բացահայտվել է 75,8%, ինչը 4,6%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Իսկ չբացահայտված սպանությունների 62,5%-ն անհայտ կորչելու դեպքեր են, որոնց հանգամանքները պարզելու, ինչպես նաև որոնողական աշխատանքներն առավել ընդգրկուն և օպերատիվ կազմակերպելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրանք նախնական որակվում են որպես սպանություն: 

Հաշվետու տարում 45,2%-ով աճել է նախկին տարիներին կատարված և հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ կասեցված հանցագործությունների բացահայտման թիվը:

Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների նվազման պարագայում (69-65), աճել է ինչպես դրանց բացահայտման արդյունավետությունը (81,2%-ից 87,7%), այնպես էլ 119-ով կամ 19,5%-ով զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թիվը (610-729): 

Ճանապարհային ոստիկանությունը հաշվետու ժամանակահատվածում շարունակել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումները, ինչի արդյունքում հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազել է 196-ով, զոհերինը՝ 80-ով և վիրավորներինը՝ 286-ով:

Վերլուծելով օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներն ու թերացումները՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ հետախուզվողների հայտնաբերման խնդրին՝ այդ օրինակով կրկին ընդգծելով օրենքի առաջ բոլորի հավասարության ապահովման անհրաժեշտությունը: 

Ոստիկանության պետը, որպես բարեփոխումների ծրագրի իրագործման և աշխատանքի արդյունավետության բարձրացման գրավական նշեց անձնակազմի մասնագիտական որակների կատարելագործումն ու բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատումը: Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց Ճանապարհային ոստիկանության համակարգում իրականացվող փոփոխությունները՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով թերություններին, որոնց շուտափույթ վերացումը գերխնդիր պիտի լինի ծառայության ղեկավարության համար: 

Այնուհետև իրենց կողմից համակարգվող ոլորտների ու ստորաբաժանումների գործունեության վերաբերյալ հաշվետվություններով հանդես եկան ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, ոստիկանության պետի տեղակալներ Վարդան Եղիազարյանը, Գագիկ Համբարձումյանը, Անուբաղ Համբարյանը, Սամվել Հովհաննիսյանը: Անդրադառնալով հաշվետու զեկույցներում առաջադրված խնդիրներին և նշելով դրանց լուծման ուղղությունները, Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց մասնավորապես Ոստիկանության զորքերում բարեփոխման, կազմակերպչական և կադրային ծրագրերի իրակագործման օրինակը:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց նաև Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստական փուլում և բուն ընտրությունների ընթացքում ոստիկանության խնդիրներն ու գործառույթները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ծառայության մեջ աչքի ընկած ստորաբաժանումների աշխատանքի արդյունքներն ու տվեց համապատասխան հանձնարարականներ:

Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին պարգևատրվեցին ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ոստիկանության Շենգավիթի ու Գավառի բաժինները:
Լավագույնի կոչմանն ու պարգևների արժանացան նաև համակարգի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս