«Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի». որ ուժերը կլինեն ապագա ԱԺ-ում՝ ըստ Ադիբեկյանի

«ՕԵԿ-ի դուրս գալն իշխանությունից, ՀՅԴ-ի մտնելը կոալիցիա արդեն բերում է վերախմբավորման էլեկտորատի, որովհետև ՕԵԿ-ը կորցնում է իշխանամետ էլեկտորատի մասը, ՀՅԴ-ն՝ իր ընդդիմադիր էլեկտորատի մասը: ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի դուրս գալը քաղաքական դաշտից բերեց երկրորդ քաղաքական ուժի տրոհմանը, ԲՀԿ-ի ժառանգության վրա միանգամից հավակնեցին մի քանի նորաստեղծ կուսակցություններ՝ պահպանելով կորիզը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի: Մարուքյանի, Օսկանյանի հանդես գալը… խնդիրն այն է, որ քաղաքական թատրոնում տեղերն արդեն զբաղեցված են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ թատրոնի պարտերում նստած է ՀՀԿ-ն, ամֆիթատրոնում տեղավորված են ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը:

«Էլ տեղ չկա. միջանցքում կանգնելն իմաստ չունի: Ամբողջ խնդիրը ԲՀԿ-ի ժառանգությունն էր, և Ծառուկյանի վերադարձը կբերի նրան, որ նա պետք է գոնե երկու խնդիր լուծի: Առաջին՝ վերադարձնի իր նախկին համախոհներին, և ինչո՞ւ չէ՝ միավորել նոր ուժերին, քանի որ, եթե նա մնա կենտրոնամետ դիրքում, ինչը միշտ բնորոշ է եղել ԲՀԿ-ականներին, նա կարող է իշխանամետ և ընդդիմադիր էլեկտորատի մի մասն իր մոտ բերի ու պահպանի իր երկրորդ քաղաքական ուժի դիրքը քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Ադիբեկյանի խոսքով՝ շատերին թվում է, թե եթե սիրուն ծրագիր են գրում, հանդես են գալիս մի քանի հեռուստաընկերություններով, ասուլիս են տալիս, ապա բոլորը ոգևորված գնում, իրենց ձայնը նրանց են տալիս, ինչը, ըստ սոցիոլոգի՝ այդպես չէ. «Մեզ նման աղքատ երկրում, որտեղ արտագաղթն առաջնահերթ խնդիրներից մեկն է, գաղափարական հենքի վրա քաղաքական ուժ դառնալն անիմաստ է: Դու գոնե պետք է ՏԻՄ ընտրություններում ստեղծես սոցիալական հենքը, որի ձայների հիման վրա կարողանաս գալ մեծամասնության, կամ գոնե մտնես ԱԺ: Հիմա քանի որ այս ընդդիմադիր ուժերից միայն ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն են պահպանում իրենց դիրքերը ՏԻՄ ընտրություններին, այսինքն՝ ունեն լայն սոցիալական բազա, նրանց հավակնությունները՝ մտնել նոր խորհրդարան, բավականին մեծ են, և այդպես էլ երևի կլինի»:

Նա նաև նշեց, որ նորաստեղծ քաղաքական ուժերը չեն կարող մրցակցել «դասական, առաջնորդող քաղաքական ուժերի» հետ: Հետևաբար՝ նա կարծում է, որ ապագա խորհրդարանում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, իսկ «Ժառանգության» խնդիրը հարցականի տակ է, որովհետև «Րաֆֆի Հովհաննիսյանը չի երևում»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս