«Գագիկ Ծառուկյանը հայտարարել է լայն դաշինք ստեղծելու մասին, բայց այդ լայն դաշինքի համար, թերևս, այդ ազատ ուժերը չկան». Ստյոպա Սաֆարյան
168.am-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը
– Պարոն Սաֆարյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շարունակում է քաղաքական խորհրդակցությունները կուսակցությունների, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ, և, որ այդ քննարկումները եզրափակիչ փուլում են։ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարեց, որ «բացում է քաղաքական գործունեության փակված էջը»: Քաղաքական ուժերի վերադասավորում կանխատեսո՞ւմ եք:
– Գագիկ Ծառուկյանի պարագայում, թերևս, հստակ է, որ հիմնականում նրա անձի շուրջ կհավաքվեն ԲՀԿ-ն ու ԲՀԿ-ից հեռացածները: Միգուցե նաև նրան միանան վերջին շրջանում ստեղծված որոշ շարժումներ, որոնք կապվում են Ծառուկյանի անվան հետ, և իրենք էլ չեն հերքում, որ նրա վերադարձի դեպքում դաշինք կկազմեն: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի և Գագիկ Ծառուկյանի միանալուն՝ մեկ դաշինքի շրջանակում, ապա, թերևս, մի քանի ռիսկեր կան: Իհարկե, չի կարելի ոչինչ բացառել, որովհետև, այնուամենայնիվ, Սեյրան Օհանյանի հետ սերտորեն քննարկվում է Վարդան Օսկանյանի անունը, և չբացառենք, որ վերջինս կարող է հակված լինել Ծառուկյանի հետ դաշինք կազմելու հարցին: Բայց այդ բևեռում այլ անունների ներկայությունը, թերևս, կարող է թույլ չտալ նման դաշինքի ձևավորում: Կա՛մ այդ մարդիկ ընդհանրապես չպետք է հույսեր կապեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի հետ, կա՛մ դա տեղի չի ունենա նրանց ցանկությամբ:
Ես չգիտեմ՝ Ազատ Արշակյանը և մյուսները կհամաձայնե՞ն արդյոք նման դաշինքում լինել: Կամ, օրինակ՝ Վիկտոր Դալլաքյանը. մարդ, որը ժամանակին լուրջ հարվածներ էր հասցնում ԲՀԿ-ին: Միայն Վարդան Օսկանյանի հանգամանքը բավարար չէ՝ ասել, որ այդ երկու բևեռների կամ կենտրոնների միջև կարող է դաշինք ձևավորվել: Տեսնենք՝ ինչ կստացվի, բայց համենայնդեպս, հնարավոր են վերադասավորումներ: Ծառուկյանի պարագայում այս պահին դժվար է լայն կոնսոլիդացիա տեսնել:
Չեմ բացառում նույնիսկ «Ժառանգության» միանալը Ծառուկյանին, որովհետև այսօր այդպիսի հայտարարություններ հնչում են կուսակցության ներկայացուցիչների կողմից, բայց, օրինակ՝ չգիտեմ՝ ՀԱԿ-ը կմիանա՞ Ծառուկյանին, թե՞ ոչ: Դաշնակցությունը, բնականաբար, չի միանա: Հետևաբար, անգամ այդ քառյակի կոնսոլիդացիան չկա: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է լայն դաշինք ստեղծելու մասին, բայց այդ լայն դաշինքի համար, թերևս, այդ ազատ ուժերը չկան. միգուցե ազատ անհատներ գտնվեն, բայց ազատ քաղաքական ուժեր, որոնք կծածկեն ամբողջ սպեկտրը, թերևս, չկան: Իհարկե, քաղաքականություն վերադառնալու այս հայտարարությունները խնդիր են ստեղծում հենց նույն ընդդիմության համար, լինի՝ «ԵԼՔ», թե՝ առանձին հանդես եկող որևէ կուսակցություն, բայց կոնսոլիդացիայի առումով, թերևս, սահմանափակումներ կան:
– «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ Դուք բանակցո՞ւմ եք: Հիշյալ կուսակցությունից նման հայտարարություններ են տարածվել, բայց գաղտնիք չէ, որ Դուք կոնֆլիկտներ եք ունեցել այդ կուսակցության որոշ անդամների հետ:
– Կոնֆլիկտները եղել են հատկապես այն շրջանում, երբ քննարկվում էր՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թափուր մանդատով ով է անցնելու՝ ե՞ս, Թևան Հակոբյա՞նը, թե՞ Մասիս Այվազյանը, բայց չեմ կարծում, թե առանձնակի մեծ կոնֆլիկտ էր դա: Իհարկե, կոնֆլիկտը սկսվեց այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին, որ ինձ համար իրենց մանդատից չեն հրաժարվի: Հիմա առաջարկ եղել է, բայց անկեղծ ասած՝ ես կողմ չեմ, որ անգամ նախնական զրույցները հանվեն մամուլի մակարդակ, քանի դեռ ես որոշում չեմ ընդունել: Այլ զրույցներ և այլ առաջարկներ ևս եղել են. որոշակի առաջարկներ ձևակերպվել են «ԵԼՔ»-ի անդամ կազմող կուսակցությունների կողմից:
Բայց ես այդ բոլոր առաջարկները պետք է շատ լուրջ ծանրութեթև անեմ: Համենայնդեպս, իմ կենսագրության մեջ բավական լուրջ ընտրական մասնակցության փորձ կա, և ես կարող եմ ուղղակի դիտարկել շատ իրատեսական և հեռանկար ունեցող քայլեր: Ուղղակի քարոզարշավին մասնակցելը՝ ևս մեկ պարտություն արձանագրելու համար, այն էլ՝ այս խաղի կանոններով, որոնք գծված են իշխանության կողմից, որոնք ընդդիմության հաղթանակի համար քիչ տեղ են թողնում, բավականին լուրջ դիտարկումներ է պահանջում, ու ես դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել:
«Ազատ դեմոկրատների» առաջարկը, որը, պետք է ասեմ՝ վատը չէ՝ պայմանների առումով, դիտարկման արժանի է: Բայց նորից եմ կրկնում՝ վերջնական որոշում դեռևս չեմ կայացրել: