«Մաքսային համակարգը, բիզնեսի, Հայաստանի քաղաքացիների ու հյուրերի համար պետք է դառնա վստահելի կառույց». Վարդան Հարությունյան

Հայաստանի Հանրապետության մաքսային համակարգը նշում է ստեղծման և գործունեության 25-ամյակը: Այն  ձևավորվել է 1992թ.-ին՝ նորանկախ պետությանը զուգահեռ անցնելով կայացման բարդ ճանապարհ.

«Զգալի խոչընդոտներ են հաղթահարվել՝ ստեղծելով զարգացման նոր տեսլական կազմելու հրամայական: Սակայն նորարարական բոլոր գաղափարները, համակարգի բարելավման ծրագրերը հնարավոր է դարձել կյանքի կոչել՝ հենվելով 25 տարիների ընթացքում արմատավորված հիմքի վրա»,- նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը: Շնորհավորելով մաքսային ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ, կոմիտեի ղեկավարը ընդգծել է, որ համակարգի ձեռքբերումներն ակնհայտ են, սակայն անելիքներ դեռ շատ կան, և յուրաքանչյուրի քրտնաջան աշխատանքով է պայմանավորված կտրուկ առաջընթացի ապահովումը.

«Մաքսային ծառայությունը պետք է զարգանա մեր երկրի մաքսային սահմանը հատող յուրաքանչյուրի համար առավելագույն հարմարավետ և համահավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ»: Մասնագիտական տոնի առթիվ բարձր պարգևներ են հանձնվել կոմիտեի ղեկավարի կողմից. «Պատվավոր մաքսային ծառայողի» կոչում, «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշան, գնդաապետի, մայորի, կապիտանի և այլ կոչումներ, շնորհակալագրեր այն աշխատակիցներին, ովքեր կանգնած են եղել մաքսային համակարգի ստեղծման ակունքներում և ում դրսևորած ջանքերով համակարգի ձեռքբերումներն ավելի առարկայական են դարձել 25 տարիների ընթացքում:

«Մաքսային համակարգը, բիզնեսի, Հայաստանի քաղաքացիների ու հյուրերի համար պետք է դառնա վստահելի կառույց, այդ ճանապարհին առաջնահերթ է մաքսային ծառայողի կերպարի արմատական վերափոխումը՝ սկսած մասնագիտական կարողությունների բարձրացումից մինչև ընդհանուր վարքագծի փոփոխություն: Մաքսային ծառայությանը նվիրված աշխատակիցներն են կերտելու համակարգի հաջորդ 25-ամյակի պատմությունը»,-շեշտել է Վարդան Հարությունյանը: Նոր 25-ամյակի առաջին հանձնարականը ՊԵԿ նախագահից. խիստ հսկողություն սահմանել թմրամիջոցների ապօրինի ներկրման դեմ և անզիջում պայքար տանել մաքսանենգներին հայտնաբերելու նպատակով:

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս