«Մարզային հեռուստաընկերությունների փակման մասին խոսք լինել չի կարող». Գրիգոր Ամալյան

Հայաստանի ամբողջ տարածքում հեռուստատեսության թվայնացման գործընթացն արդեն ավարտվել է, սակայն, որոշ մարզերում HD որակով ցուցադրվող հեռուստաալիքների պատկերի որակի հետ կապված բողոքներ են արձանագրվում:

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը 168.am-ի հետ զրույցում այս խնդրի առնչությամբ տվեց հետևյալ պարզաբանումը. «2016թ. նոյեմբերի 26-ին ավարտվել է հեռուստատեսության թվայնացման գործընթացը ողջ Հայաստանի տարածքում: Երևանն ամենավերջինն է անալոգի անջատումն իրականացրել, իսկ թվային ազդանշանը Հայաստանում, 1 տարուց ավելի է՝ գործում է: Որակի ստուգումներ իրականացվում են մեր կազմակերպության կողմից, և հանրապետության ողջ տարածքում ազդանշանային որակը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Մարզերում երբեմն խնդիրներ ենք ունենում՝ էլեկտրասնուցման ընդհատումների հետ կապված, բայց սրանք այն դեպքերն են, որ անջատումներ լինում են և՛ բնակավայրերում, և՛ կայաններում: Իսկ բուն ազդանշանի որակի անհամապատասխանություն մեր կողմից չի արձանագրվել»:

Մեր զրուցակցի խոսքով՝ անալոգի անջատման սկզբնական փուլում իրենց թեժ գծով տարբեր բնույթի զանգեր էին ստանում, որոնք հիմա գրեթե դադարել են. «Երբեմն լինում էր, որ քաղաքացին բողոքում էր ազդանշանի որակից, բայց հաճախ այդ բոլոր խնդիրները հանգում էին նրան, որ մարդիկ դժվարություն էին ունենում սարքերի կարգավորման հետ: Մեր տեխնիկական մասնագետների օժանդակությամբ այդ խնդիրները կարգավորվում էին: Որակի կամ սարքերի աշխատանքի հետ կապված զանգեր այս պահին գրեթե չկան»:

Նա նաև հավելեց, որ 110 հազար անապահով ընտանիքի կառավարության ֆինանսավորմամբ անհատույց կարգով հատկացվել են թվայնացման սարքեր:

Կարդացեք նաև

Հարցին՝ թվային հեռարձակմանն անցնելու հետ կապված՝ մարզային հեռուստաընկերությունները բողոքում էին, թե այդպիսով կանգնում են փակման խնդրի առաջ, քանի որ լրացուցիչ ծախսեր են առաջանում, այդ խնդիրը լուծվե՞լ է, նա այսպես պատասխանեց. «Ալիքների փակման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մինչև թվայնացման գործընթացի ավարտն օրենքով արդեն ամրագրված էր, որ անալոգային ձևաչափով գործող մարզային մի շարք հեռուստաընկերություններ շարունակելու են իրենց գործունեությունը նույն ձևաչափով: Ուղղակի դրանք չեն ներառվել մեր թվային ցանցի մեջ, որովհետև ի սկզբանե նախատեսված չի եղել դրանց ներառումը: Համապատասխան տեխնիկական միջոցներ ևս նախատեսված չեն եղել: Այդ հեռուստաընկերություններն այսօր էլ շարունակում են գործել, և սպասվում է, որ առաջիկայում նրանք էլ կարող են տեղափոխվել թվային մասնավոր ցանցեր»:

Նրա խոսքով՝ այսօր հայաստանյան հեռուստադիտողը երկու ձևաչափով էլ հեռուստատեսությունների ծրագրերը դիտելու հնարավորություն ունի. «Մի շարք հեռուստաընկերությունների ծրագրեր պետք է նայի թվային հեռարձակմամբ, և մարզային մի շարք հեռուստաընկերությունների համար պետք է նորից վերադարձ արվի անալոգայինին: Ըստ իս՝ քանի դեռ հեռուստացույցները Հայաստանում շարունակում են մնալ կամ երկակի՝ թվային ու անալոգային, կամ շատերը նույնիսկ անալոգային են, պարզապես կցորդով են թվային, այս պահին մարզային հեռուստաընկերությունները դիտվելու բոլոր հնարավորություններն ունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս