«Այս շաբաթ ադրբեջանցիների «սևհունվարյան» ժամանակահատվածն է». Դավիթ Բաբայան
«Ադրբեջանի վերջին օրերի ակտիվությունը նրա էությունն է՝ որպես ֆաշիստական, նացիստական, ահաբեկչական պետությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ նկատելով, որ որոշ սեզոնային տատանումներ լինում են, որոշ ժամանակահատվածներին ավելի ակտիվ են լինում, բայց դա, նրա խոսքով՝ կապված է արդեն մի շարք իրադարձությունների հետ:
«Հունվար ամիսը մի քիչ խորհրդանշական է. նախ և առաջ Նոր տարի է, ապա՝ հետտոնական ժամանակահատված է, և իրենք միշտ փորձում են յուրովի շնորհավորել՝ հարամ անել, հայության տրամադրությունը՝ անընդհատ խախտելով զինադադարի ռեժիմը:
Բացի դրանից՝ այս շաբաթ իրենց «սևհունվարյան» ժամանակահատվածն է. 1993թ. հունվարի 13-ին Ադրբեջանում իրենց գագաթնակետին են հասել Բաքվի հայության ջարդերը և երբ խորհրդային բանակը ուշացումով մտավ Բաքու հունվարի 20-ին, որպեսզի գոնե փրկի հայ ժողովրդի ողջ մնացած հատվածին կոտորածից, նա բախվեց ահաբեկիչների, մարդասպանների մի բանակի հետ, և արդյունքում եղան զոհեր: Այդ զոհերի մեջ քիչ թիվ կազմում են պատահական մարդիկ, իսկ Ադրբեջանի Շեհիդների պանթեոնում ամփոփված մարդկանց մեծ մասը մարդասպաններ, ահաբեկիչներ են, որոնք կոտորում էին հայ բնակչությանը»,-պարզաբանեց նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների համար դրանք հերոսներ են:
«Եվ ինչպես մենք հետո տեսանք՝ այդ «բարի ավանդույթը» շարունակվեց, և բոլոր հանցագործներն ու մոլագարները հերոսացվում են Ադրբեջանում: Ու հիմա այդ օրերի հետ կապված Ադրբեջանն իրեն ավելի ակտիվ է դրսևորում, որպեսզի շարունակակն լինի «սև հունվարը» ու դրանով փորձում է իր հայատյաց քաղաքականությունը շարունակել»,-հստակեցրեց մեր զրուցակիցը:
Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ իհարկե, որպեսզի զուգահեռաբար միջազգային հանրությանն ինչ-որ ձևով ավելի կաշկանդված պահի, Ադրբեջանը հայտարարություններ է անում, որ իբր հայկական կողմերն են սկսել կրակոցներ, հարձակումներ, որպեսզի հայտարարությունները, որոնք պետք է լինեն, լինեն անհասցե և անհավասարակշռված. «Դրանով փաստորեն փորձում է խուսափել պատսխանատվությունից, և դա փորձված մարտավարություն ու ռազմավարություն է, որն օգտագորևծվում է 2 տասնամյակից ավելի»:
Հարցին՝ Ադրբեջանին ակտիվանալու ազատություն չի՞ տալիս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Տավուշի դեպքերի վերաբերյալ արված հայտարարությունը, որը, կարծես թե, ավելի շատ հայկական կողմին էր հասցեագրված, նա այսպես պատասխանեց.
«Խնդիրն այն է, որ քանի որ Ադրբեջանը նման հայտարարություններ է անում, միջնորդներն էլ ստիպված բոլոր կողմերի հայտարարությունները պետք է ի մի բերեն: Դրանով Ադրբեջանը նախ և առաջ ծանր իրավիճակի մեջ է գցում միջնորդներին, որոնք ստիպված պետք է «հավասարակշռված» և անհասցե հայտարարություններ անեն, և խուսափում է դրա հետևանքով պատասխանատվությունից: Բայց հիմա այդ մարտավարությունն արդեն չի աշխպատում միջնորդների կողմից, այսինքն՝ էֆեկտիվ չէ, պետք է հասցեական, կոնկրետ հայտարարություններ լինեն, և այն կողմը, որը մեղավոր է, պետք է պատասխանատվության ենթարկվի: Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում 2016 թվականին տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները հենց դրա մասին են»:
Մեր ճշտող հարցին՝ ինչո՞ւ Մինսկի խումբը հանդես չի գալիս հասցեական հայտարարություններով, նա պատասխանեց, որ ՄԽ համանախագահները դատավորներ չեն, այլ միջնորդներ են, և պետք է բոլոր կողմերի համաձայնությամբ աշխատեն. «Եթե այդ համաձայնագրերը կյանքի կոչվեն, նրանք գոնե կկարողանան պատասխանատվության կանչել մեղավոր կողմին, իսկ քանի որ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում, ամեն ձևով խոչընդոտում է այդ զարգացումներին»: