Թուրք նախարարը դժգոհ է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների մակարդակից
Ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները դեռևս չեն վերադարձել այն մակարդակին, որում գտնվում էին նախքան ճգնաժամը` կապված ռուսական ինքնաթիռը խոցելու հետ: Ըստ «Անադոլու» գործակալության, այս մասին ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:
«Թեպետ Ռուսաստանի հետ երկխոսությունը ակտիվորեն և դրական ուղղությամբ շարունակվում է, սակայն երկու երկրի միջև համագործակցությունը դեռևս չի վերադարձել նախաճգնաժամային մակարդակի»,- ասել է նա:
Զեյբեքչիի խոսքով` գյուղատնտեսական ապրանքների` Թուրքիայից Ռուսաստան արտահանման հարցում սահմանափակումները դեռևս պահպանվում են: Բացի այդ, դեռևս կան բարդություններ` կապված ՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիներին աշխատանքի թույլտվություն տալու հետ:
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով, սակայն ռուսական կողմը ձգձգում է մերձեցման գործընթացը: Զեյբեքչին հույս է հայտնել, որ երկու երկրի ղեկավարների ջանքերով Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը նոր ազդակ կստանա: