Բաժիններ՝

Ինչպես ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ

«Այդ գաղափարը, իհարկե, բավականին ոգևորիչ է հնչում, առաջին անգամ չէ, որ կառավարությունը բարձրաձայնում է այդ հարցը։ Իրոք, խնդիր ունենք, և այն բավականին լուրջ է։ Մասնավորապես՝ տարիներ են եղել, երբ ներմուծման ծավալները 3-4 անգամ գերազանցել են արտահանման ծավալներին, հետևաբար՝ այդքան գումար ներմուծման համար երկրից դուրս է եկել, և միևնույն ժամանակ՝ դա նաև լուրջ խոչընդոտ է հանդիսացել տեղական արտադրության համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը՝ խոսելով ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու հնարավորությունների մասին։

Ըստ նրա՝ խնդիրը հեշտ լուծում չի ենթադրում, քանի որ նախ՝ առաջին հայացքից՝ երբեմն կարծիքներ են հնչում, որ ներմուծման որոշակի սահմանափակումներ կարելի է դնել, սակայն դա հակասում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցության պահանջներին, այսինքն՝ ուղղակի բարձրացնել ներմուծվող ապրանքերի հարկերը և դրանով փորձել ավելի մրցակցային սարքել տեղական արտադրանքը, այդ մեխանիզմով բավականին բարդ է հաջողության հասնել։ Մ.Առաքելյանի կարծիքով՝ շատ հաճախ, մասնավորապես՝ հենց ԵՏՄ շրջանակներում երրորդ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների մասով կան բավականին մեծ մաքսատուրքեր, և Ռուսաստանն էլ երբեմն լուրջ խնդիրների առաջ է կանգնում իր արտերկրի գործընկերների հետ հարաբերություններում.

«Հետևաբար՝ պետք է փորձել առավելագույնն անել հենց տեղական արտադրության խթանման համար, ինչը բավականին երկարաժամկետ և լուրջ ռեսուրսներ պահանջող աշխատանք է։ Մասնավորապես՝ առաջին հերթին՝ պետք է բարենպաստ բիզնես միջավայր ստեղծել երկարաժամկետ հատվածի համար, որովհետև արտադրությունն ինքն իրենից ենթադրում է ավելի երկարաժամկետ ներդրում, քան ներմուծումը, քանի որ Հայաստանի տեսանկյունից ներմուծումն ընդամենն առևտրային հարաբերություններ է ենթադրում, այսինքն՝ գործարարն ինչ-որ ապրանք է այսօր գնում, բերում, վաղը վաճառում է և ունենում է դրամական միջոցները։

Դա տեղական արտադրանքով փոխարինելու հարցը պետք է ոչ միայն դիտարկել մրցակցության տեսանկյունից՝ գին և որակ, այլև ներդրումների երկարաժամկետության։ Այսինքն՝ այստեղ արդեն պետք է կազմակերպել արտադրություն, որն իր արդյունքը կարող է բերել 5-10 տարի հետո։

Կարդացեք նաև

Իսկ նման երկարաժամկետ վստահության միջավայր Հայաստանում չի ստեղծվում։ Գործարարների գերակշիռ մասը նախընտրում է եղած գումարով այսօր ապրանք բերել, վաղը վաճառել և պահպանել իր գումարը, հետո հաջորդ օրը մտածել՝ այդ գումարն ինչպես տնօրինել՝ նորից նույն ապրա՞նքը բերել, ա՞յլ ապրանք բերել, թե՞ ընդհանրապես դադարեցնել գործունեությունը Հայաստանում»։

Տնտեսագետը շեշտեց, որ արտադրության համար առնվազն մի քանի տարվա երկարաժամկետ ծրագիր պետք է ունենա գործարարը, որ որոշի՝ իր միջոցները ներդնի՞ հետագայում արդյունք ստանալու ակնկալիքով։ Նրա կարծիքով՝ այդ տեսանկյունից այդ միջավայրը Հայաստանում բացակայում է ոչ միայն օտարերկրյա ներդրողների համար, այլև տեղական ներդրողների համար, և պետք է առաջին հերթին, մասնավորապես, Հարկային օրենսգրքի շրջանակներում բարեփոխումներ, որոշակի ֆինանսական միջոցների ավելի լավ հասանելիության հնարավորություն ընձեռվեր գործարարներին և դրանով փորձ արվեր ակտիվացնել։

«Սակայն, միաժամանակ, չպետք է մոռանալ, որ իրոք կան ապրանքներ, որ շուկայի փոքրության պատճառով բավականին բարդ է մրցակցել, և մենք ստիպված առավելություն ենք տալիս ներմուծվող ապրանքներին, որովհետև թուրքական, չինական, արդեն նաև ռուսական ապրանքներն իրենց մեծ շուկայի առկայության պարագայում կարողանում են շատ հանգիստ հայկական շուկայում ձեռք բերել առավելություններ։ Որովհետև նրանք իրենց ապրանքը նախատեսում են արտադրել հարյուրավոր միլիոն սպառողների համար և բավականին մեծ ծախսեր են խնայում, արդյունքում՝ մեր շուկայում հայտնված ապրանքը՝ տրանսպորտային, ներմուծման ծախսերը հաշվի առնելով, շատ ավելի էժան է լինում, քան մեր երկրում արտադրվածը, որը նախատեսվում է միայն 2-3 մլն սպառողների համար»,- ասաց Մ.Առաքելյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս