100 օրվա հաշվետվությունը՝ 100 էջ
ՀՀ կառավարության գործունեության 100 օրվա արդյունքների վերաբերյալ կազմվել է մանրամասն հաշվետվություն, որը կազմել է ուղիղ 100 էջ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ քանի որ 100 էջը բավականին մեծ ծավալ է, ինքը հանձնարարել է մշակվել է նաև դրա հակիրճ տարբերակը։
Հակիրճ տարբերակը նույնպես փոքր չէ՝ 35 էջ։ Հաշվետվությունը բաղկացած է 4 հիմնական բաժիններից՝ ախտորոշում, տեսլական, ինչ է արվել 100 օրվա ընթացքում և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի վերաբերյալ բաժինը։
Հաշվետվությունը սկսվում է ՀՀ ամբողջ պետական համակարգի ախտորոշմամբ, որը, ըստ հաշվետվության, խոշորածավալ չէ, սակայն ունի
– բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճան,
– հաճախ հատվածային, ոչ համարժեք կարգավորումներ տարբեր ոլորտներում,
– նոր գործառույթների առանձնացման և դրանց համար այս կամ այն մակարդակի (կոմիտեներ, ՊՈԱԿ-ներ, գործակալություններ) մարմինների ստեղծման և ուռճացման միտում,
– որոշումների արագ կայացմանը խոչընդոտող իրավասությունների և պարտականությունների անհամաչափ բաշխման դրսևորումներ,
– հաշվետվողականության և պատասխանատվությչան կոլեկտիվ տարրալուծման միտում։
Հաջորդ բաժիններում նշվում են առանձին ոլորտների խնդիրների, տարբեր ոլորտներում կառավարության տեսլականն ու կատարված քայլերը։
Ներկայացնելով հաշվետվությունը՝ Կարեն Կարապետյանը ընդգծեց, որ կառավարությունն ընդամենը երեք ամիս է, ինչ գործում է, իսկ երեք ամսում հնարավոր չէ ամբողջությամբ բարեփոխել տնտեսական մեծ համակարգը: «Մեր գլխավոր խնդիրն է եղել այս ամիսներին տալ ազդակներ, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան, որ մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Մենք ներկայացրել ենք մեր ծրագիրը, այն փոփոխությունները, որոնք պատրաստվում ենք իրականացնել»,- նշեց վարչապետը:
Ամեն դեպքում, Կարեն Կարապետյանը համոզմունք հայտնեց՝ կառավարությունն արդեն տվել է այն ազդակները, որ գնում է ճիշտ ճանապարհով: «Կարող եմ համոզված ասել, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում և հաջողելու ենք»,- ասաց նա: