«Քաղաքական ուժերը զբաղված են «զոն նայողներին» իրենց կուսակցություններ քաշելով». Արմեն Բաղդասարյան
«Այս պահին քաղաքական ուժերը քննարկում են միայն մի հարց՝ ով ում հետ համագործակցի, դաշինք կազմի: Այսինքն՝ նրանք փորձում են համագործակցության եզրեր գտնել միայն մի հարցի շուրջ, թե ինչպես մտնեն Ազգային ժողով: Թե ինչ պետք է անեն հետագայում, այդ հարցը, կարծես թե, չկա:
Ծրագրերի, գաղափարների շուրջ քննարկում նույնպես չկա, որովհետև բոլորի ծրագրերը, գաղափարները մոտավորապես նույնն են, այդ թվում և՝ ՀՀԿ-ինը: Ստացվում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը ոչ թե պայքարում է գործող իշխանական համակարգի դեմ, այլ փորձում է մաս կազմել այդ համակարգին»,- այսօր կազմակերպված «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ այդ պատճառով էլ քաղաքական դաշտում «մեռած վիճակ է» և զուտ տեխնիկական քայլեր են իրականացվում: «Ասում են, որ, եթե այսպես շարունակվի, ոչինչ չի փոխվելու, բայց այդպիսի բան չկա իրականում, որովհետև, եթե ոչինչ չի փոխվում, նշանակում է՝ փոխվում է դեպի վատը: Չի կարող զրոյական վիճակ լինել, որովհետև, եթե ոչինչ չի փոխվում, ապա ամեն օր Հայաստանից արտագաղթում է 200-250 մարդ, այսինքն՝ 50-60 ընտանիք, և ամեն օրն ավելի վատ է լինում, քան նախորդ օրը: Քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի՝ հենց սա բացատրել ընտրողներին»,- նկատեց վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ հասարակությանը հետաքրքիր չէ, թե որ ուժը կլինի խորհրդարանում, եթե իշխող ուժը մնալու է նույնը: Ա. Բաղդասարյանի կարծիքով՝ ընդդիմությունը չի միավորվելու, իսկ տարբեր ուժեր ստեղծվել են հենց նրա համար, որպեսզի չմիավորվեն. «Միավորվելու ծրագիր եթե ունենային, առանձին ուժեր չէին ստեղծի: Պայմանական ասած՝ 80 % բողոքավոր, սոցիալական ծանր պայմաններում գտնվող մարդկանց փողոց չեն կարողանում դուրս բերել, որովհետև նրանք ոչ միայն ընդդիմության, այլ ավելի շատ իշխանությունների խոցելի բազան են: Իշխանությունները կաշառք բաժանում են հենց այդ խավին, որովհետև ամենախոցելի հատվածն է: Սոցիալական ծանր պայմաններում գտնվող, աշխատանք չունեցող մարդն է, որ ընտրակաշառք է վերցնում կամ թաղայինի հորդորից վախեցած՝ գնում՝ ձայն է տալիս իշխանություններին»:
Վերլուծաբանն ընդգծեց՝ Հայաստանի բոլոր ոլորտներում գործում են հանցագործ աշխարհի օրենքները.
«Քաղաքական դաշտի դեպքում Հայաստանի տարածքը բաժանված է զոնաների. կան «զոն նայողներ», դրանց ասում են՝ հեղինակություններ: Քաղաքական ուժերը զբաղված են «զոն նայողներին» իրենց կուսակցություններ քաշելով: Նրան միջև հեղինակությունների առևտուր է գնում: Մի ուժը մյուսին ասում է՝ ձեր «ավտարիտետին», թեկուզ ժամանակավոր, կտա՞ք, որ մեր կուսակցությանը ձայն բերի: Նույնիսկ թվեր են նշում՝ էսինչն էսքան արժի, էնինչն էնքան արժի: Այսինքն՝ այդտեղ քաղաքական ոչինչ չկա, պարզ առևտուր է: Ընդամենն արտաքին շերտն է քաղաքական: Քաղաքական քարոզարշավն ընդամենը գովազդ է, բայց եթե ապրանքը չկա, ապա ի՞նչ ես գովազդում»: