Որ ոլորտներից է փախել կապիտալը
2016 թվականը Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված ներդրումների առումով բավականին վատ տարի էր։
Օտարերկրյա ներդրումների ամենաթարմ վիճակագրությունը, որը հրապարակվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, վերաբերում է 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին (2016-ի տարեկան ցուցանիշները դեռ չեն հրապարակվել)։
ԱՎԾ տվյալներով, 2016 թվականի հունվար սեպտեմբերի ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները նվազել են 72%-ով (69.6 մլրդ դրամով) և կազմել մոտ 30 մլրդ դրամ։ Այդ թվում՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 44.6%-ով (մոտ 35.8 մլրդ դրամով) և հասել 44.4 մլրդ դրամի։
Նշենք, որ խոսքը վերաբերում է, այսպես կոչված, ներդրումների զուտ հոսքերին։ Զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Ու եթե առանձին երկրների կամ առանձին ոլորտների դեպքում այս ցուցանիշը բացասական արժեք ունի, դա նշանակում է, որ այդ ուղղությամբ ավելի շատ կապիտալ է դուրս եկել, քան մտել Հայաստան։ Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել կապիտալի փախուստ։
Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է ներդրումների զուտ հոսքերի վիճակագրությունը՝ ըստ երկրների և ըստ ապրանքների։
Երկրների մասով՝ Հայաստանի հետ ներդրումային հարաբերություններ ունեցող երկրներից 14-ի դեպքում տեղի է ունեցել կապիտալի արտահոսք։ Ամենաշատը՝ դեպի Ռուսաստան։ Այսպես, 2016թ. հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից ՀՀ տնտեսական իրական հատվածում կատարված ներդրումների զուտ ներհոսքը բացասական մեծություն ունի՝ -72.8 մլրդ դրամ (այդ թվում՝ ուղղակի ներդրումների գծով՝ -55.4 մլրդ դրամ)։ Արտահոսքի ծավալը մեծ է նաև դեպի Լիբանան (-13.9 մլրդ դրամ) և Նիդերլանդներ (-12.2 մլրդ դրամ)։
Իսկ ինչպիսի՞ն է պատկերը՝ ըստ ոլորտների։
ԱՎԾ ներկայացրած 39 ոլորտներից 19-ի դեպքում ներդրումների զուտ ներհոսքը ունի բացասական ցուցանիշ։
Ինչպես տեսնում եք ստորև ներկայացված աղյուսակում, կապիտալի ամենազգալի փախուստը գրանցվել է մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում. զուտ ներհոսքի ցուցանիշը բացասական է՝ -31.1 մլրդ դրամի չափով (այդ թվում՝ ուղղակի ներդրումների մասով՝ -17.8 մլրդ դրամ)։
Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ներդրումային հոսքերի բացասական սալտոն 12.4 մլրդ է, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերում՝ 9.7 մլրդ, հիմնային մետաղների արտադրության ճյուղում՝ 7.7 մլրդ դրամ։
Ուղղակի ներդրումների ամենամեծ դրական զուտ ներհոսքը գրանցվել է կացության կազմակերպման ոլորտում՝ 35 մլրդ դրամ։ Դրան հաջորդում են հանքագործական արդյունաբերության հարակից գործունեությունը (30.7 մլրդ դրամ) և շենքերի շինարարությունը (8.5 մլրդ դրամ)։